«Այո, ես հանդես եմ եկել Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման նախաձեռնությամբ: Եվ ես չեմ վախենում ուռա-հայրենասերներից»,- այս մասին vesti.az կայքի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` վերահաստատելով ավելի վաղ այս նախաձեռնության մասին արված հայտարարությունը և միաժամանակ ողջունելով Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր անցկացնելու փորձ իրականացրած Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանի համարձակությունը:
«2010 թվականի աշնանը Գեորգի Վանյանը, որին ես խիզախ մարդ եմ համարում, փորձեց Երևանում թուրքական և ադրբեջանակն ֆիլմերի փառատոն անցկացնել: Բայց այդ ժամանակ էժան հայ ուռա-հայրենասերները խանգարեցին Վանյանին: Բնական է` իշխանությունների դրդմամբ և աջակցությամբ: Վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել թե Վանյանի, թե նրա ընտանիքի համար»,- ասել է քաղաքագետը, ով կարծում է, որ իսկական արվեստը ծառայում է բարուն, մարդասիրությանը և ազգերի մերձեցմանը:
«Եվ իմ գլխում գաղափար ծնվեց. իսկ ինչո՞ւ չկրկնեմ Վանյանի նախաձեռնությունը Ադրբեջանում: Ես դիմեցի Վանյանին` խնդրելով ինձ համար ֆիլմեր ընտրել»,-պատմել է Ալիզադեն:
«Եթե նա ինձ համար ֆիլմեր հավաքի, ապա անկախ նրանից, կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն Հայաստանում կամ ոչ, ես Բաքվում կկազմակերպեմ հայկական ֆիլմերի փառատոն: Թող Ադրբեջանում տեսնեն, որ ոչ բոլոր հայերն են հիվանդ ուղեղներով ազգայնականներ: Կարծում եմ, որ եթե մեր ֆիլմերը ցույց տային Հայաստանում, հայերն էլ կհասկանային, որ ադրբեջանցիները արյունախում մարդիկ չեն, ինչպիսին նրանց ներկայացնում է հայկական քարոզչությունը: Ասեմ ավելին, նեղ շրջանակներում հայերը ամեն դեպքում դիտում էին մեր ֆիլմերը:
Քաղաքագետը նշել է, որ պատրաստ է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել անկախ պետական կառույցների և ուռա-հայրենասերների հնարավոր բողոքներից:
«Ես ինչ է, ուրիշներից թույլտվությո՞ւն եմ հարցնում `ապրել , թե ոչ: Բացի դա, ես մտադիր չեմ փառատոնը «Ադրբեջան» կինոթատրոնում անցկացնել: Դա տեղային ցուցադրություն կլինի այն հաստատություններում, որոնք հասանելի են ինձ: Ծայրահեղ դեպքում կարող եմ փառատոնն իմ տանը կազմակերպել: Ով ցանկանա, նա էլ կգա դիտելու ֆիլմերը»,-ընդգծել է Ալիզադեն:
Պատասխանելով հարցին` արդյոք չի վախենում դառնալ ադրբեջանական վանյան` այսինքն օտար` մերձավորների մեջ, և մերձավոր` օտարների մեջ, Ալիզասդեն նշել է, որ չի վախենում. «Բացի դա, բոլոր այն խոսակցությունները, որ Վանյանը Հայաստանում մերձավոր է օտարների շրջանում, և օտար` մերձավորների մեջ, խոսակցություններ են միայն և ոչ ավելին: Նա մեծ թվով հայերի հարգանքն է վայելում: Ես անձամբ եմ տեսել ինչպիսի հարգանքով են նրան վերաբերվում շարքային հայերը, որոնք հոգնել են պատերազմից և անիծում են նրանց, ովքեր կռվեցրել են երկու ազգերին: Կարծում եմ, որ որպես մարդ, ով ոչ մի պետական պաշտոնի չի հավակնում, ոչ մեկից կախված չեմ: Այդ իսկ պատճառով կկազմակերպեմ հայկական ֆիլմերի փառատոնը Բաքվում` անկախ ուռա-հայրենասերների արձագանքից»,- եզրափակել է Ալիզադեն: