Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է ԱԺ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ և հեռանալուց` նրա սենյակում է թողել տուփով կոնյակ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս մասին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Նիքոլսոնը:
Ըստ նրա` ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ և հեռանալիս սեղանին թողել մի տուփ` պնդելով, որ դա բարոնուհու համար է և չի ցանկացել հետ տանել:
Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել է իր բարեգործական կազմակերպություններից մեկին:
Այս պատմությունը Նիքոլսոնը պատմել է, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է` ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երեույթներ չդրսևորվեն, քանի որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել:
«Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է», – պատասխանել է բարոնուհին: