«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի միջև համագործակցության մասին որևէ խոսք չկա: Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ըստ Ծառուկյանի` ԲՀԿ-ի նպատակն է արդար ընտրություններ անցկացնելը, ինչի համար իրենք ստորագրել են մի քանի ձևաչափերով համագործակցության փաստաթղթեր, դրանցից մեկի տակ նաև ՀԱԿ-ի ստորագրությունը կա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե առաջին նախագահը պահանջում է, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, փաստորեն ՀՀԿ-ի դեմ դուրս գա, Ծառուկյանը հակադարձել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել:
Անդրադառնալով «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից հնչեցրած այն մեղադրանքներին, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն գաղտնի պայմանավորվածություններ ունեն, Ծառուկյանը հայտարարել է. «Ժառանգությունն» ում կողմից ուղղորդված շարժվում է՝ թող ինքն իրեն էլ մեղադրի»: ԲՀԿ առաջնորդը չի մանրամասնել, թե ում կողմից է ուղղորդված շարժվում «Ժառանգությունը»:
Լուսանկարը` ԲՀԿ-ի պաշտոնական կայքից