Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այնքան է խառնվել, որ երբեմն դժվար է հասկանալ` որ կուսակցությունն է ընդդիմադիր, իսկ որը` իշխանամետ: Այսօր «Նեզավիսիմայա գազետան» «Հայաստանը փոխում է պատգամավորներին» հոդվածում փորձել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերլուծել հայաստանյան իրավիճակը:
Ինչպես նշում է պարբերականը, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի անդամ է և կարծես թե Հանրապետական կուսակցության դաշնակիցը, դատելով դրա չափազանց ակտիվ արշավից և թեկնածուների ազդեցիկ ցուցակից, ակնհայտորեն դեմ չէ փոխարինել ՀՀԿ-ին և այդ նույն կոալիցիայում առաջատար դիրք զբաղեցնել:
«Հաշվի առնելով այն, որ «Բարգավաճ Հայաստանը» նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է և դրա ցուցակի երկրորդ տեղում է նրա մերձակա համախոհը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, կարելի է ասել, որ այնքան էլ անհիմն չեն Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին պարբերաբար տարածվող շշուկները: Բարդ, ինչպես միշտ ոչ միանշանակ խաղ է տանում ՀՅԴ-ն` մեկ հեռանալով իշխանություններից, մեկ համերաշխություն կնքելով նրանց հետո որոշ հարցերում: Ընտրությունների մյուս մասնակիցների հաջողության շանսերը, ըստ փորձագետների, շատ չեն»,- գրում է «ՆԳ»-ն:
Պարբերականը, հղում կատարելով փորձագետների կարծիքին, նշում է, որ ներկայիս խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, պետք է ընդունել որպես «խիստ ներքին օգտագործման» միջոցառում:
«Անկախ դրանց ելքից, այս կամ այն ուժի հաջողությունից, հայկական պետականության խնդիրներն ու դրանց քաղաքական ուղեգիծն անփոփոխ կմնան»,- եզրակացնում է պարբերականը: