Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է Հայաստանի իշխանություններից անհապաղ ամբողջական հետաքննություն անցկացնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա ապրիլի 16-ին կատարված հարձակման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի առավոտյան շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը կազմակերպել էր Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը` իրավապաշտպան Գերգի Վանյանի գլխավորությամբ:
Հարձակվողները քարերով ջարդել են գրասենյակի պատուհանները, սպառնացել անձնակազմին:
«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատմությունը նշանակում է, որ ադրբեջանական ֆիլմը հակասական է որոշ մարդկանց համար, սակայն դա չի արդարացնում դրանց չցուցադրելը, առավել ևս սպառնալիքները կամ բռնության կիրառումը, – նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գիորգի Գոգիան: – Իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը և երաշխավորեն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը»:
Human Rights Watch-ի հայտարարության մեջ նշվում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համաձայնել է տրամադրել իր տարածքը վստահության ձևավորման ծրագրեր իրականացնող Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին, որը ծրագրել էր ադրբեջանական կինոգործիչների չորս կարճամետրաժ ֆիլմ ներկայացնել ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Տասնյակ տեղական հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ հայտարարություն են տարածել ապրիլի 14-ին, որով կոչ են արել հանրությանը բողոքել ֆիլմերի փառատոնի դեմ և կանխել դրա անցկացումը: Փառատոնի կազմակերպիչների կողմից սա ֆիլմերը ցուցադրելու երկրորդ փորձն էր: Նրանք փորձել էին շարունակել փառատոնը ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում, սակայն չեղյալ էին հայտարարել հանրային բողոքի պատճառով:
Նշենք, որ ապրիլի 12-ին մի քանի հանդիսատեսներ և լրագրողները դիտել էին ֆիլմերը Գյումրիից Երևան տանող ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկում»
«Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ, որը երաշխավորում է արտահայտման ազատության իրավունքը: Խոսքի ազատության իրավունքի պաշտպանության և հարգելու առումով` կառավարությունը պարտավոր է ոչ միայն հրաժարվել խոսքի գրաքննությունից, այլև միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մարդկանց արտահայտման ազատության իրավունքը այլ անձանց կողմից խախտվելուց: Ադրբեջանական ֆիլմարտադրողի ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է վրդովեցնել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», – նշել է Գոգիան: