Ապրիլի 17-ին Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»: Լիգայի ընթացիկ մրցաշրջանում սա մադրիդցիների առաջին պարտությունն էր:
Դեռևս առաջին խաղակեսում «Բավարիան» ոչ մեծ, բայց առավելություն ուներ: Գեղեցիկ, տեմպային ու բաց խաղում երկու թիմերն էլ փորձում էին իրենց լավագույն հարձակվողական որակները դրսևորել, սակայն գնդակը միայն մեկ անգամ հայտնվեց ցանցում: 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո այն բաժին հասավ մյունխենցիների կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, ով մոտ 15 մետրից գնդակն ուղարկեց դարպասը՝ 1:0:
Հետագայում երկու թիմերն էլ գոլեր հեղինակելու լավ հնարավորություններ ունեին, սակայն հաջող էին խաղում դարպասապահներ Իկեր Կասիլյասն ու Մանուել Նոյերը: Երկրորդ կեսի սկզբում «Ռեալին» հաջողվեց արագ հակագրոհի արդյունքում կարևորագույն գոլի հեղինակ դառնալ. Բենզեմայի և Ռոնալդուի կոմբինացիայի արդյունքում Մեսուտ Օզիլը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը՝ 1:1:
«Բավարիան» ստիպված էր մեծ ուժերով անցնել գրոհի, իսկ մադրիդցիներն ընտրեցին պաշտպանվելու և հակագրոհների մարտավարությունը: Նրանք մոտ էին ոչ-ոքի հաշիվը պահպանելուն, սակայն վերջին րոպեին մյունխենցիների ավագ Ֆիլիպ Լամը եզրով լավ անցում կատարեց և գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ էլ գրոհը եզրափակեց Մարիո Գոմեսը:
2:1 հաշվով հաղթանակը հնարավորություն է տալիս Յուպ Հայնկեսի թիմին Մադրիդ մեկնելուց առաջ ավելի վստահ զգալ: Եթե հակամարտությունից առաջ ավելի բարձր էին գնահատվում «Ռեալի» եզրափակիչ դուրս գալու շանսերը, ապա հիմա թիմերը հնարավորությունները հավասար են:
Նշենք, որ ապրիլի 18-ին կայանալու է «Չելսի»-«Բարսելոնա» կիսաեզրափակիչ խաղը: