Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի սխալը ճակատագրական դարձավ կատալոնյան «Բարսելոնայի» համար Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում: Լոնդոնում «Չելսիի» հետ հանդիպման առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին Մեսսին կորցրեց գնդակը դաշտի կենտրոնում, ինչն էլ հնարավորություն տվեց անգլիական ակումբի ֆուտբոլիստներին Լեմպարդ- Ռամիրես-Դրոգբա արագ հակագրոհ կազմակերպել, որը եզրափակեց աֆրիկացի ֆուտբոլիստը: Դրոգբայի գոլային հարվածը ուժեղ չստացվեց, սակայն դարպասապահ Վիկտոր Վալդեսը չկարողացավ հետ մղել գնդակը:
«Չելսին» փաստորեն օգտագործեց ողջ խաղում ստեղծած իր սակավաթիվ պահերից մեկը, իսկ «Բարսելոնան», որը մեծ տարածքային և խաղային առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, հեռացավ առանց գոլի:
Երկրորդ խաղակեսում «Չելսին» հաշիվը պահում էր ողջ թիմով պաշտպանվելով, և, այնուամենայնիվ, «Բարսան» կարող էր փրկվել 3-րդ ավելացված րոպեին, սակայն նախ Պեդրոյի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ Սերխիո Բուսկետսը մոտ տարածությունից բարձր հարվածեց:
«Չելսիի» համար նվազագույն չոր հաշվով տարբերակը լավագույնն է պատասխան խաղից առաջ: Այժմ մրցակցի հարկի տակ խփած գնդակը անգլիական ակումբի համար եզրափակիչ խաղի ուղեգրի արժեք կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա Գվարդիոլայի թիմը չի կարողանում մրցակցի դարպասը գրավել Չեմպիոնների Լիգայի երկրորդ արտագնա խաղում անընդմեջ: Նախորդ դեպքում «Բարսան» 0:0 էր խաղացել իտալական «Միլանի» դեմ: