Երեկ ժամը 15:00-ի սահմաններում Մոսկվայում գնդակահարվել է 52-ամյա Իլգար Ալիևը, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես Իլգար Դանաբաշ: Վերջինս հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) աջ ձեռքն է համարվում, գրում է primecrime.ru կայքը:
Ականատեսների խոսքով` Ալիևը 25-ամյա Ալյոնա Եվտեևայի ուղեկցությամբ եղել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայում: Փողոցում լուսացույցերից մեկի մոտ դանդաղ ընթացող մեքենային մոտեցել է մի տղամարդ սև գլխարկով և կրակ է բացել առտրճանակից: Իլգար Դանաբաշը մահացել է տեղում, մեքենան, կորցնելով կառավարումը, հարվածել է մեկ այլ մեքենայի, որի հետևանքով Ալյոնա Եվտեևան ծանր վնասվածքներ է ստացել: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում` ծանր վիճակում, սակայն, բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես նշում է primecrime.ru-ն, Դեդ Հասանի մտերիմը Պովարսկի փողոցի վրա ռեստորանների համալիրի սեփականատերն էր: Համալիրի ռեստորաններից մեկը` «Ստարայա կիբիտկան», Դեդ Հասանի համար յուրատեսակ ընդունելությունների տուն էր, նա իր կարևոր հանդիպումները հենց այդ վայրում էր կազմակերպում: Ազգությամբ ադրբեջանցի Դանաբաշը պատասխանատու էր Դեդ Հասանի ադրբեջանական բիզնեսների հետ կապված բոլոր հարցերի համար: Համաձայն կայքի տեղեկությունների, վերջին տարիներին ադրբեջանական և ոչ մի օրենքով գողի թագադրում տեղի չի ունեցել առանց Դանաբաշի համաձայնության:
Primecrime.ru-ն նշում է, որ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների համաձայն, սպանության պատասխանատուն կարող է լինել 37-ամյա Ռովշան Լենկորանսկին` միակ ադրբեջանցի օրենքով գողը, ով ընդդիմադիր էր Դեդ Հասանին: Ռովշանը Ալիևի ուղղակի հակառակորդն էր Ռուսատսանում ադրբեջանական բիզնեսները կիսելու հարցում:
Լուսանկարը` novayagazeta.ru