Ադրբեջանը միջազգային հանրության հետ կիսվել է ավելացող միջուկային վտանգի և ռիսկերի վերաբերյալ իր մտահոգությամբ:
Միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը հայտարարել է, որ միջազգային դիտորդների կողմից հնչեցվող կարծիքների համաձայն, Հայաստանի (Մեծամորի) ԱԷԿ-ի ռեակտորը, որն ինքը նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի տարածքի 6 ռեակտորներից ամենանապահովն է համարում, վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար:
Մեհդիևի խոսքով` բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող երկրում տեղակայված ատոմակայանը չունի ջրի անհրաժեշտ քանակություն ռեակտորի սառեցման համար: Ադրբեջանական կողմը կոչ է արել անմիջապես դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքները «ապագայում ողբերգական վթարներից պաշտպանվելու» համար:
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար միջազգային ատյաններում բարձրացնում է Մեծամորի ատոմակայանի հարցը: Հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ ԱԷԿ-ը վտանգ չի պարունակում:
Մասնավորապես, ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հայտարարել է, որ անգամ 8 բալանոց երկրաշարժի դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության բոլոր համակարգերը կլինեն աշխատանքի մեջ և կապահովեն ռեակտորի անվտանգ աշխատանքի դադարեցում:
Բացի դա, նա ընդգծել էր, որ 1995 թվականին ԱԷԿ-ի վերագործարկումից առաջ կատարվել էին ատոմակայանի հարակից տարածքների սեյսմիկ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հետագայում ավելի էր ուժեղացվել ատոմակայանի սեյսմիկ կայունությունը: