Վրաստանի Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սանդրո Քավսաձեն երկուշաբթի սենսացիոն խոստովանություն է արել` հայտարարելով, որ մահացած ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին 2008 թվականին առաջարկել էր իրեն վերացնել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:
«Ասավալ-դասավալի» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանում բնակվող փոխգնդապետ Սանդրո Քավսաձեն, ով ավելի վաղ ղեկավարում էր Վրաստանի ՊՆ հետախուզական վարչությունը, հայտարարել է, որ այդկերպ Պատարկացիշվիլին ցանկանում էր վրեժ լուծել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության համար, ով, ըստ պաշտոնական վարկածի, 2005 թվականին մահացել էր գազի թունավորումից:
«Ժվանիային սպանել են, որովհետև նա վտանգ էր ներկայացնում Սահակաշվիլիի համար, ցանկանում էր իշխանությունն իր ձեռքը վերցնել: Ժվանիան և Պատարկացիշվիլին ցանկանում էին չեզոքացնել Սահակաշվիլիին»,- պատմել Քավսաձեն:
Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ սկզբում Սահակաշվիլիին վերացնելու համար Պատարկացիշվիլին երկու քիլլեր էր վարձել Ռուսաստանից, որոնք ապրում էին գաղտնի բնակարանում: Սակայն պատահաբար բացահայտել էին իրենց, երբ ստիպված էին եղել սպանել ստուգումներ իրականացնելու նպատակով իրենց բնակարան եկած ոստիկանին:
Փոխգնդապետի խոսքով` Պատարկացիշվիլին կարգադրել էր սպանել վարձկաններին, որպեսզի նրանց մասին տեղեկությունները չտարածվեն:
Ըստ Քավսաձեի` սպանված մարդասպանների մարմինները Աբխազիա են տեղափոխվել:
Դրանից հետո Պատարկացիշվիլին առաջարկել է իրեն 50 մլն դոլար Սահակաշվիլիին վերացնելու համար, սակայն փոխգնդապետը հրաժարվել է:
Վրաստանի իշխանությունները կամ Պատարկացիշվիլիի ընտանիքը դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը: