1904-1907 թվականների ընթացքում կայսերական Գերմանիայի զորքերը հարավ-արևմտյան Աֆրիկայում`ներկայիս Նամիբիայի տարածքում, վերացրել են հերերո և նամա ցեղերի շուրջ 85,000 անդամների:
1903-04 թվականներին Գերմանական կայսրության վերահսկողության տակ գտնվող հերերո և նամա ցեղախմբերն ապստամբել են և զինված պայքարի ընթացքում սպանել 100-ից ավելի գերմանացի զինվորականների: Համաձայն փաստագրության, Սամուել Մահերերոյի և Հենդրիկ Վիտբոյի գլխավորությամբ ապստամբները սպանում էին միայն տղամարդկանց՝ խնայելով կանանց և երեխաներին, ինչպես նաև սպիտակամորթ անգլիացի և բուր ֆերմերներին:
1904 թվականին Գերմանիայի կայսրը Նամիբիայի գաղութի ղեկավար Թեոդոր Լյութվեյնին փոխարինեց մեկ այլ հրամանատարով, ով հայտնի էր իր դաժանությամբ և նախկինում Հարավային Աֆրիկայում ճնշել էր բնակիչների ընդվզումը գերմանական գաղութատիրության դեմ: Գեներալ-լեյտենանտ Լոթար ֆոն Թրոթը հայտարարեց. «Ես դուրս կմղեմ ապստամբ ցեղերին արյան և փողի միջոցով: Միայն այս զտումների շնորհիվ կարող է ինչ-որ նոր բան ծնվել»: Թրոթան իր հետ գերմանական հարավ-արևմտյան Աֆրիկա բերեց 10,000 զինված ուժեր` պատերազմ սկսելու նպատակով:
1904 թվականի հոկտեմբերի 2-ին ֆոն Թրոթան հերերո ցեղին կարգադրել է հեռանալ դարերով բնակեցվող տարածքից.
«Բոլոր հերերոները պետք է լքեն այս հողը: Եթե նրանք հրաժարվեն կատարել պահանջը, ես կստիպեմ նրանց դա անել հրացանների միջոցով: Ցանկացած հերերո, որը կհայտնվի Գերմանիային պատկանող սահմաններում` զենքով կամ ամզեն, կգնդակահարվի: Ոչ մի բանտարկյալ չի լինի: Սա իմ որոշումն է հերերո ազգի համար»:
Երեք տարիների պարբերական զտումների, գնդակահարությունների, անապատներում սովի և քաղցի մատնվելու, համակենտրոնացման ճամբարներում աշխատանքային ուժի շահագործման հետևանքով 80,000 hերերոներից կենդանի մնացին ընդամենը 15,000-ը: Սպանվեցին նաև 10000-ից ավելի նամա ցեղի ներկայացուցիչներ:
Ինչպես 2004 թվականին գրել էր գերմանական Deutsche Welle-ն, գերմանացիները առաջին անգամ հենց Նամիբիայում կիրառեցին ձերբակալված տղամարդկանց, կանանց և երեխաներին համակենտրոնացման ճամբարներում պահելու մեթոդը: Վկայություններ կան նաև, որ կենդանի մնացած կանայք բռնաբարվում էին, և ստիպված էին մարմնավաճառությամբ զբաղվել: Ի դեպ, հենց այս շրջանում էր, երբ գենետիկայով հետաքրքրվող մասնագետ Յուջին Ֆիշերը փորձեր սկսեց համակենտրոնացման ճամբարներում ծնված երեխաների վրա: Նա հանգեց այն եզրակացության, որ խառը կապից ծնված ցանկացած երեխա ֆիզիկապես և մտավոր ունակություններով զիջում է իր գերմանացի հորը: Իր այս դիտարկումները նա ներկայացրեց «Մարդկային ժառանգականության սկզբունքները և ռասսայական հիգիենան» գրքում, որը հետագայում բանտում կարդացել է ֆաշիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, իսկ ավելի ուշ հիշատակում է իր սեփական աշխատություններում:
1985 թվականին ՄԱԿ-ն այս իրադարձությունները որպես Ցեղասպանություն է ճանաչել` համեմատելով այն հրեաների Հոլոքոստի հետ: 2004 թվականին Գերմանիան առաջին անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել ցեղերի ժառանգներից` 100 տարի առաջ նրանց նկատմամբ Ցեղասպանություն իրականացնելու համար: