1975 թվականի ապրիլին հինգ տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո, կարմիր կխմերների զորքերը (Կամբոջայի կոմունիստական կուսակցության ռազմական համակարգը) իրենց վերահսկողության տակ վերցրեցին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենը և տապալեցին գեներալ Լոն Նոլի կառավարությունը: Կուսակցության գլխավոր քարտուղար Պոլ Պոտի ղեկավարությամբ նրանք սկսեցին կյանքի կոչել բացառապես աշխատասեր գյուղացիներից կազմված հասարակության (որն անկախ կլիներ ցանկացած տեսակի արտաքին ուժերից) ստեղծման գաղափարը: Կամբոջայի կոմունիստների գաղափարները մարքսիզմի, մաոիզմի և հակագաղութականացման գաղափարների խառնուրդ էին, ինչն իրականում վերածվեց Պոլ Պոտի ֆաշիստական ռեժիմի:
Պնոմպենը զավթելուց անմիջապես հետո կուսակցությունը սկսեց մայրաքաղաքի մոտ երկու միլիոն բնակչության բռնի փոխադրումը գյուղական վայրեր և հատուկ ճամբարներ «աշխատանքային դաստիարակության» համար: Նույն ճակատագրին արժանացան երկրի այլ քաղաքների բնակիչները: Նոր իշխանությունները բրնձի հավաքման նոր պլան հաստատեցին`մեկ հեկտար հողից` երեք տոննա բրինձ, այն դեպքում, երբ մինչ կարմիր կխմերները, Կամբոջայում մեկ հեկտարից ոչ ավել քան մեկ տոննա բրինձ էր հավաքվում: Ակնհայտորեն բարձրացված պլանի կատարման համար մարդկանց ստիպում էին օրական 12 ժամ աշխատել` առանց դադարի, սննդի խիստ սահմանափակ չափաբաժնով, սարսափելի սանիտարական պայմաններում: Արդյունքում մարդիկ մեռնում էին սովից, հյուծվածությունից, հիվանդություններից:
Կարմիր կխմերները նաև պարքար էին մղում «անցյալի մնացորդների դեմ»` փակվում էին դպրոցները, հիվանդանոցները, գործարանները: Դրամական համակարգը չեղյալ էր հայտարարվել, բոլոր կրոններն արգելվում էին, ողջ մասնավոր սեփականությունը բռնագրավվել էր: Սկսվել էր կրոնական համայնքների, մտավորականության, նախկին պաշտոնյաների և ցանկացած այլախոհության ծրագրված ոչնչացում:
Այն բանից հետո, երբ 1977 Կամբոջան պատերազմի մեջ մտավ կոմունիստական Վյետնամի հետ, կարմիր կխմերների գաղափարախոսության մեջ ռասիստական կողմնորոշում ի հայտ եկավ: Որս սկսվեց երկրի ազգային փոքրամասնությունների դեմ, այդ թվում`չինացիների և վյետնամցիների: 425 000 չինացիներից միայն կեսին հաջողվեց կենդանի մնալ: Երկրի արևելյան հատվածներում մի քանի հարյուր հազար մարդ սպանվեց Վյետնամի հետ համագործակցելու հիմնավորմամբ: 1978-ին վյետնամական բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Կամբոջա, և 1979-ին Պոլ Պոտի ռեժիմը տապալվեց:
Ընդհանուր առմամբ կարմիր կխմերների կառավարման երեք տարիների ընթացքում վերացվել է քաղաքային բնակչության 25%-ը, և գյուղական բնակչության 15%-ը` մոտ 1,7 մլն մարդ: