«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ամենադաժան իրադարձություններից մեկը»: Ապրիլի 24-ին, խոսելով 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին, այսպես է իր ելույթը սկսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կրկին, ինչպես նախորդ երեք տարիներին, նա չի արտասանել «ցեղասպանություն» բառը, որը նրանից պահանջում են ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները` փոխարենը երկու անգամ արտաբերել է «Մեծ Եղեռն»:
Օբամայի խոսքով` հիշելով 1915 թվականի իրադարձությունները, «մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանորեն մորթվեցին և իրենց մահը գտան Օսմանյան կայսրության վերջին օրերին»:
«Հիշելով 97 տարի առաջ տեղի ունեցած տառապանքները` մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ԱՄՆ-ում և ողջ աշխարհում, որտեղ այս իրադարձությունը ոգեկոչվում է երկրների, կազմակերպությունների, համայնքների և ընտանիքների կողմից: Մեր պարտքն է խոսքերի և գործերի միջոցով վառ պահել հիշողության կրակը և անել այնպես, որպեսզի պատմության մութ էջերը երբեք չկրկնվեն», – նշել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ բազմիցս է արտահայտել իր տեսակետը 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ, և այդ տեսակետը չի փոխվել: Նշենք, որ նույն արտահայտությունը Օբաման կրկնում է տարեց տարի: Դեռևս 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է` խոստանալով բարձրաձայնել այդ մասին ԱՄՆ նախագահ դառնալուց հետո:
«Փաստերի լիակատար և ազնիվ ընդունումը մեր բոլորի շահերից է բխում: Դեպի ապագա շարժվել հնարավոր չէ առանց անցյալի փաստերն ընդունելու: Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս արել են դա սեփական պատմության ընթացքում, և ես հավատացած եմ, որ դա մեզ ավելի ուժեղ է դարձրել: Որոշ անհատներ արդեն արել են այս համարձակ քայլը: Մենք ողջունում ենք այն հայերին և թուրքերին, ովքեր բռնել են տվյալ ուղին, և հույս ունենք, որ դեռևս շատերն այդ ուղու վրա կկանգնեն իրենց կառավարությունների, ինչպես նաև իմ օգնությամբ:
Չնայած կորսվել են կյանքեր, որոնք հնարավոր չէ հետ բերել, հայ ժողովրդի ժառանգությունը մեծ նվաճում է: Ձեր հավատը, քաջությունը և ուժը ձեզ հնարավորություն են տվել դիմակայել դժվարություններին և բարգավաճել` ստեղծելով կենսունակ համայնքներ ողջ աշխարհով մեկ: Դուք, անկասկած, պահպանել եք ձեր ժառանգությունը` այն փոխանցելով սերնդից սերունդ: Ամերիկահայերը բազմատեսակ ներդրում ունեն ԱՄՆ-ի զարգացման, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի կայացման հարցում: Միացյալ Նահանգները, հպարտ լինելով ձեր ժառանգությամբ և ձեր ներդրմամբ, հարգում են նրանց հիշատակը, ովքեր տառապել ու իրենց մահկանացուն են կնքել մոտ մեկ դար առաջ:
Այս հիշատակի օրը մենք կանգնած ենք բոլոր հայերի կողքին` հիշելով Մեծ Եղեռնի մութ օրերը և պարտավորված զգալով աջակցել Հայաստանի ժողովրդի համար ավելի վառ ապագայի կառուցմանը», – ասված է Օբամայի հայտարարության մեջ: