ԲՀԿ-ն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի:
«Երբ ընտրություններին մասնակից այլ կուսակցություններից քարոզարշավի շրջանակներում ձայն են խնդրել այդ գյուղացիներից, նրանք ասել են, թե արդեն ԲՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն», – գրում է «Ժողովուրդը»` հավելելով, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն: