Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդդիմադիր «Ազադլիգ» թերթից պահանջել է հերքել պարբերականում տպագրված այն տեղեկությունը, ըստ որի, երկրի ղեկավարը 800 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում:
Նախագահի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ադ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նախագահը նախապատվություն է տալիս պարզությանը: Նա կրում է հասարակ և ոչ թանկ մետաղից պատրաստված ժամացույց: Պարբերականը ցավում է տեղի ունեցածի համար` բացատրելով, որ ընդամենը արտատպել է սոցիալական ցանցերից մեկում բլոգեր Վաֆա Ջաֆարովայի տարածած տեղեկությունը:
Ջաֆարովան գրել էր, որ նախագահը 800 հազար դոլար արժողությամբ ժամացույց ունի, որից աշխարհում ընդամենը 30 նմուշ կա:
«Ազադլիգը» հույս է հայտնել, որ կկարողանա նախագահի մամլո ծառայության հետ հետագայում նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատել: Հայտնի է, որ ընդդիմադիր և անկախ ԶԼՄ-ներին արգելվում է նախագահի մասնակցությամբ միջոցառումներին մասնակցել և բացի դա, նրանք արհամարհվում են երկրի ղեկավարի մամլո ծառայության կողմից: