Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրաժարվել է համագործակցել Մարեն Լը Պենի կուսակցության ազգայնականների հետ, այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «Ազգային ճակատի» համակիրներին պետք չէ սատանայացնել: Այս մասին նա հայտարարել է France Info ռադիոկայանի հետ զրույցում:
Սարկոզին հստակեցրել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր չէ որևէ համաձայնագիր կնքել Լը Պենի հետ կամ «Ազգային ճակատի» անդամներին կառավարություն հրավիրել: Միաժամանակ, գործող նախագահը նշել է, որ հանդիպելու է նրանց հետ, ովքեր առաջին փուլում աջակցում էին Լը Պենին, լսելու է նրանց և պատասխանելու է նրանց հարցերին, և ոչ թե ատելությամբ քիթը տնկելու»:
«Պարոն Օլանդը (Սարկոզիի մրցակիցը) հայտարարել է, որ Լը Պենին սատարող մարդիկ ճիշտ չեն: Սակայն ես չեմ կարծում, որ երբ մարդն իր կարծիքն է արտահայտում, դա սխալ է,- ասել է Սարկոզին:- Նախագահը պետք է բոլորի ձայնին ունկնդիր լինի, երևում է` պարոն Օլանդը դա չի հասկանում»: