Մյունխենի «Բավարիայի» հնաբնակ Բաստիան Շվայնշտայգերի 11-մետրանոցից առաջ Մադրիդի «Ռեալի» մարզիչ պորտուգալացի Ժոզե Մուրինյուն ծնկաչոք սպասում էր, ինչպես հետագայում պարզվեց Ռեալ-Բավարիա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ հակամարտության վերջին հարվածին: Նա, հավանաբար, հասկանում էր, որ ձեռքից բաց է թողնում Լիգայի եզրափակիչը, որտեղ մադրիդցիները չեն խաղացել արդեն տասը տարի:
Առաջին խաղում կրած 1:2 հաշվով պարտությունից հետո «Ռեալը» սեփական հարկի տակ արդեն 14-րդ րոպեին առջևում էր 2:0 հաշվով: Կրիշտիանու Ռոնալդուն նախ 11-մետրանոցից, իսկ հետո խաղից երկու գնդակ խփեց: Չնայած մադրիդցիները մեծ առավելություն ստացան մեկնարկում, խաղով «Բավարիան» ամենևին էլ չէր զիջում մրցակցին և նույնիսկ ինչ-որ տեղ գերազանցում էր: Դեռևս առաջին խաղակեսում Արյեն Ռոբբենը 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը` երկու հանդիպման արդյունքում հավասարեցնելով թիմերի հնարավորությունները: Չնայած երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակում երկու թիմերն էլ պահեր ունեցան, հաշիվը չփոխվեց: Գեղեցիկ խաղի կուլմինացիոն պահը 11-մետրանոցների հարվածաշարն էր, որի մեկնարկում «Բավարիան» կրկին առավելություն ստացավ: Ռոնալդուն ու Կական գնդակն ուղարկում էին Մանուել Նոյերի դարպասի աջ անկյունը, սակայն երկու դեպքում էլ մյունխենցին գերազանց ցատկով հետ էր մղում գնդակը: Թվաց` հյուրերը մոտ են հաղթանակին, սակայն 2:0 հաշվի ժամանակ նրանք չիրացրեցին 2 11-մետրանոց` Իկեր Կասիլյասը հետ մղեց Տոնի Կրոոի և Ֆիլիպ Լամի հարվածները:
Բայց «Բավարիան» օգնության հասավ Սերխիո Ռամոսը, ով գնդակը ուժեղ հարվածով ուղարկեց հորիզոնական դարպասաձողից շատ վերև` տրիբունաներ: Բաստիան Շվայնշտայգերն ուշադրություն չդարձրեց ծնկած վիճակում իր փորձին սպասող Ժոզե Մուրինյույի վրա և հստակ իրացրեց հարվածը` 3:1:
«Բավարիան» երկու տարի անց կրկին կխաղա եզրափակիչում, սակայն այս անգամ հարազատ «Ալյանց արենայում»: Երկու տարի առաջ հենց Ժոզե Մուրինյույի «Ինտերը» 2:0 հաշվով պարտության մատնեց «Բավարիային», սակայն այս անգամ «Չելսիի» հետ հակամարտությունում ֆավորիտը գերմանական ակումբն է: