Home / Հայաստան / Գործը հասել է դատարան. աղջիկը պահանջում է վերացնել իր լուսանկարը ընտրական պաստառից

Գործը հասել է դատարան. աղջիկը պահանջում է վերացնել իր լուսանկարը ընտրական պաստառից

Քաղաքացի Անի Մաթևոսյանը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջով, որ ՀՅԴ-ն 2012 թվականի  մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արտաքին և հեռուստատեսային գովազդներից հանի իր լուսանկարը:

Անին գտնում է, որ լուսանկարները առանց իր թույլտվության օգտագործելով` ՀՅԴ-ն խախտել է իր անձնական կյանքի անձեռնխելիության իրավունքը:

Նա դատարան է ներկայացրել նաև հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդություն: Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարպետյանցն ասել է, որ նման միջնորդությունը, ըստ օրենքի, պետք է բավարարվեր անմիջապես, սակայն դատարանը  երկու օր է` պատասխան չի տվել:

Փաստաբանը համոզված է, որ աղջկա իրավունքը խախտվել է և դատարանի որոշումը ցույց կտա, թե որքանով են դարատանները անկախ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անին Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ 2007 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում իրեն և իր համակուրսեցիներին առաջարկել էին մասնակցել ֆոտոսեսիայի, և հետագայում Անիի լուսանկարները տեղադրել են ՀՅԴ-ի նախընտրական բուկլետների վրա, սակայն այդ ժամանակ Անին չի առարկել: 2012 թվականի ընտրությունների նախընտրական շրջանում կրկին տեսնելով իր լուսանկարը` զանգահարել է ՀՅԴ և հարցրել` ինչ հիմքերով են նկարը փակցրել, պահանջել է հանել այն պաստառից, քանի որ ինքը չի տվել իր համաձայնությունը: Կուսակցության ներկայացուցիչներն Անիին հրավիրել են իրենց գրասենյակ և ասել, որ դա տեղի է ունեցել դիզայների մեղքով: Անին, այնուամենայնիվ, պնդել է, որ նկարը վերացնեն, ինչը տեղի չի ունեցել: