Նամականիշ, որի ձախ վերևի անկյունում գրված է` «Ռոբերտ Քոչարյան, ՀՀ II նախագահ (1998-2008)», ձախ ներքևի անկյունում` «2012 Հայաստան», աջ ներքևի անկյունում` գինը` 250 դրամ: Նամականիշի վրա Ռոբերտ Քոչարյանն է` նստած առյուծի վրա. սա արվեստի գործ է, որը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ընթացող «Կրիզիս 2» արվեստի այլընտրանքային փառատոնի շրջանակներում ներկայացրել է արվեստագետ Գարիկ Ենգիբարյանը:
Epress.am-ի հետ զրույցում Ենգիբարյանը բացատրել է, թե ինչու է իրեն նման գործ ստեղծելու համար ոգեշնչել ՀՀ երկրորդ նախագահի կերպարը, այլ ոչ թե այսօր գործող չինովնիկներից որևէ մեկը:
«Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտուալ չէ, նախագահը Սերժ Սարգսյանն է: Սակայն այն բացասականը, որ մենք այսօր ունենք, կապված է Քոչարյանի հետ: Նա է դրել այսօրվա իշխանությունների հիմքը», – նշել է արվեստագետը:
Ենգիբարյանը որպես բացասական փաստ է ներկայացնում ծանր տնտեսական պայմաններում գտնվող երկրի նախագահի` Աֆրիկայում որսորդության համար մեծ գումարներ ծախսելը: Միևնույն ժամանակ, արվեստագետն ընդունում է, որ իր գործը երկիմաստ է:
«Կլինեն մարդիկ, որոնց այդ գործը կարող է դուր գալ: Շատերն էին ինձ հարցնում` կարո՞ղ է նրա կողմնակիցները տեսնեն ու հավանեն այն: Իմ կարծիքով` դա իր դրական կողմն ունի: Այստեղ կա արժեքային համակարգի խնդիր: Գործը հայելու նման է` ամեն մեկը տեսնում է այն, ինչ ինքը կա: Ես ուղղակի այս աշխատանքով փորձել եմ ցույց տալ երկու տարբեր իրականություններ, որոնք առկա են մեր հասարակության մեջ: Մի իրականությունն անընդհատ տարվող իշխանական համակարգի քարոզչությունն է` Մասիս, Արարատ, Ցեղասպանություն, դավաճանները, մյուս իրականությունը` կենցաղային մակարդակն է, իրական կյանքը` կոռուպցիան, հովանավորչությունը, արտոնյալ խավը, օլիգարխները: Առաջին իրականությունը նամականիշի վրա խորհրդանշում են պետական ատրիբուտները` «2012 Հայաստան», Ռոբերտ Քոչարյան, ՀՀ II նախագահ (1998-2008)» արտահայտությունները, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանն է առյուծի վրա, երկրի երկրորդ նախագահը, որին այսօրվա իշխանությունները հարգում, պատվում են, և որը պատրաստ է հսկայական գումարներ ծախսել ու սպանել մի կենդանու, ինչը ֆունկցիոնալ առումով ոչ մի կարևորություն, ոչ մի արժեք չունի», – նշել Ենգիբարյանը:
Արվեստագետի գնահատմամբ` միանգամայն ազնիվ կլիներ, եթե նման նամականիշ իրականում հայտնվեր Հայաստանում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը առյուծ սպանելն ու նկարվելն իր համար համարում է դրական բան:
«Բայց Հայաստանում կեղծիքն է իշխում: Նման նամականիշ կարող է հայտնվել աֆրիկյան բռնապետությունների պայմաններում, սակայն մեզ մոտ կոսմետիկան բավական շատ է», – ասել է Ենգիբարյանը: