Home / Հայաստան / Սերժ Սարգսյանին դիմավորել են «Լևոն, նախագահ» վանկարկումներով

Սերժ Սարգսյանին դիմավորել են «Լևոն, նախագահ» վանկարկումներով

Սերժ Սարգսյանի նախօրեի Մարտունիի այցը խայտառակ ընթացք է ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մարտունու Մյասնիկյանի հրապարակ բերված ուսանողներն ու աշակերտները Սարգսյանին դիմավորելիս վանկարկել են «Լևոն, նախագահ»:

Թերթը նշում է, որ դա տեղի է ունեցել չնայած այն բանի, որ ուսուցիչները նրանց հրահանգած են եղել Սերժ Սարգսյանին տեսնելիս ծածանել իրենց ձեռքի դրոշները և վանկարկել` «նախագահ»:

«Ասում են` երեխաները տպավորված են եղել մի քանի օր առաջ նույն հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից: Փոխարենը, վատ դրության մեջ են հայտնվել հանդիպման եկած ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներն ու բեմում այդ պահին գտնվող երգչուհի Աիդա Սարգսյանը, որոնք փորձել են շտկել իրավիճակը: Սակայն, տեսնելով կիսադատարկ հրապարակը, առանց դրա էլ խիստ նեղսրտած Սարգսյանը հինգ րոպեանոց ելույթ է ունեցել և Մարտունու քաղաքապետի հետ հեռացել` ըստ ականատեսների նույնիսկ իր բերած ծաղկեպսակը չդնելով Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի մոտ», – գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Սարգսյանը տեղի ունեցածի վերաբերյալ մոտ 40 րոպեանոց խոսակցություն է ունեցել ու հեռացել: