ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում դեսպանի պաշտոնին առաջադրել է Ռիչարդ Մորնինգսթարին, ով Եվրասիայի տարածաշրջանում ԱՄՆ նախագահի վարչակազմի հատուկ ներկայացուցիչն է: Այս մասին գրում է «Թուրան» գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակում իր աղբյուրին:
Սպիտակ տունն առայժմ պաշտոնապես այդ մասին չի հայտարարել: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում Օբամայի որոշումը որակել է որպես «գերազանց ընտրություն»:
Վերլուծաբան Թոմաս դե Վաալը գործակալության հետ զրույցում ասել է, որ հենց նման նշանակում էլ ցանկանում էր ադրբեջանական կողմը: Ըստ դե Վաալի` Բաքուն ցանկանում էր, որ այդ պաշտոնը զբաղեցնի բարձրաստիճան պաշտոնյա, այլ ոչ թե կարիերային աճ ապահովող դիվանագետ:
«Այն, որ ԱՄՆ-ն առաջադրել է Մորնինգսթարին, վկայում այն մասին, որ Վաշինգթոնը ցանկանում է հանգստացնել Բաքվին, որը մտահոգված է Ադրբեջանում դեսպանի տևական բացակայությամբ»,- ասել է դե Վաալը: