1991թ. ապրիլի վերջին – մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Այսօր 1991 թվականին իրականացված «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողության մասին մեկնաբանություն է տարածել ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունն ուղղված էր Ադրբեջանի ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:
«Այդ գործողության արդյունքում ամբողջովին դատարկվեցին, հիմնահատակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկած «Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն:
ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի զեկուցման մեջ նշվել է` «1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատ գյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ»:
«Կոլցո» ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում», – նշում է ԼՂՀ ԱԳՆ-ն:
Մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. «Կոպտորեն խախտվել է յուրաքանչյուր մարդու կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել` ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա»:
«Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ «Կոլցո» ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում», – եզրափակում են հայտարարության հեղինակները:
Լուսանկարը` Յարոմիր Շտետին, noevkovcheg.ru-ից