Բաքվում, որը շուտով հյուրընկալելու է «Եվրատեսիլ-2012»-ը, արտակարգ պատահար է գրանցվել` կապված հենց երգի մրցույթի հետ: Baku Crystal Hall համերգասրահի կառուցվող շենքից ընկել է Գերմանիայից ժամանած մենեջերը, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին:
Տղամարդը կենդանի է մնացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում:
Baku Crystal Hall համերգասրահը, որի կառուցման մեջ ներգրավված են գերմանացի մասնագետները, շատ սեղմ ժամկետներում է կառուցվում: Շենքի կառուցման նախագիծն իրականացնող համատեղ Alpine Bau Deutschland AG և NUSSLI ընկերության ղեկավար Ռայներ Հենցերը վերջերս Trend.az –ի հետ զրույցում ասել էր. «NUSSLI ընկերությունը պատվեր է ստացել Ադրբեջանից 2011 թվականի մայիսի վերջին օրերին: Մեզ խնդրել են 25 հազար հանդիսական տեղավորող բոլորովին նոր սրահ կառուցել 8 ամիսների ընթացքում»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Բաքվում մայիսի վերջին: Հայաստան այս տարի հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում կայանալիք մրցույթից` անվտանգության նկատառումներից ելնելով: