Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մայիսի 2-ի առավոտյան` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռանալուց մի քանի ժամ անց, առնվազն երկու պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունների հետևանքով 6 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել են:
Միջադեպի համար պատասխանատվությունը ստանձնել են աֆղանական «Թալիբան» շարժման անդամները: Թալիբների հայտարարության մասին ասվում է, որ իրենց համակիրներից մեկը ռումբ է պայթեցրել «ռազմակայանի» հարևանությամբ, իսկ շարժման մյուս անդամներին հաջողվել է մուտք գործել ռազմակայան: Սակայն Աֆղանստանի ՆԳՆ-ն հերքել է թալիբների` ռազմակայան ներխուժելու մասին լուրերը: Նախարարության տվյալներով, գործել է ընդամենը մեկ մահապարտ:
Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է հայտարարել և կոչ է արել իր աշխատակիցներին չլքել դեսպանատան տարածքը:
Նշենք, որ Բարաք Օբաման մայիսի 1-ի երեկոյան նախապես չհայտարարված այցով Աֆղանստան էր ժամանել: Այցի ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և Օբաման ռազմավարական համագործակցոթյան վերաբերյալ պայմանագիր են կնքել, որը կարգավորելու է երկկողմանի հարաբերությունները Աֆղանստանից ամերկիկյան զորքի դուրսբերումից հետո: Ավելի ուշ Օբաման այցելել է Բահրամ քաղաքի ավիաբազա, որտեղից հեռուստաուղերձ է հղել ԱՄՆ-ի քաղաքացիներին: Օբաման, մասնավորապես հայտարարել է, որ թալիբներին Աֆղանստանի քաղաքական կյանքի մի մաս կհամարի միայն այն դեպքում, եթե վերջինները կապերը խզեն «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: