Ժամանակին Լիբանանի մասին խոսելիս այն ներկայացվում էր որպես երկիր, որն արաբական աշխարհում քրիստոնեության պատվարն է. մարոնիտների (հին քրիստոնեական եկեղեցի, պատրիարքության կարգավիճակ ունեցող Արևելյան կաթոլիկ եկեղեցիներից մեկը – Epress.am) հեգեմոնիան թույլ էր տալիս Բեյրութին Արաբական երկրների լիգայի միակ քրիստոնյա գործընկերը համարվել: Արդյո՞ք ամեն ինչ նույնն է այսօր: Անտոնիո Պիկասոն իտալական «Limes» պարբերականում սիրիական ճգնաժամի ֆոնին վերլուծում է քրիստոնյաների դերի փոփոխությունը Լիբանանում:
Հեղինակը, մասնավորապես, մատնանշում է այն փաստը, որ մարոնիտները ներքին տարաձայնությունների և ցեղակիցների մեծ արտահոսքի արդյունքում կարող են կորցնել Լիբանանի քրիստոնյաների շրջանում ունեցած գերակա դիրքը: Դա կհանգեցնի հայերի և մելկիթների (Մելկիթական կաթոլիկ եկեղեցի) դերի և քաղաքական ազդեցության աճին:
«Հայերը օրինակելի վարք ցուցադրեցին 2009 թվականի խորհրդարանական ընտրություններին: Նրանց ներկայությունը Լիբանանում շատ ճյուղավորված և կայացած է: Ժամանակին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը հանգեցրել է նրան, որ Լիբանանն առաջին ապաստանը դարձավ ողբերգություն ապրածների համար: Այսօր Բեյրութի, Բիբլոսի և Տրիպոլիի (քաղաք Լիբանանում) հայերը ավելի քիչ պատճառներ ունեն արտագաղթի համար, քան մարոնիտները:
Նրանց ձեռքերում են բանկերը, շուկան և անշարժ գույքը: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հայերը ոչ ոքի կողմը չանցան, ինչը նրանց բոլորի ընկերը դարձրեց: Նրանց անհանգստացնող միակ հարցը Թուրքիայի հնարավոր ռազմական ներխուժումն է Սիրիա: Հայերի համար Անկարայի ուժի ցուցադրումը կարող է Ցեղասպանության մղձավանջի հիշեցում դառնալ», – գրում է Պիկասոն: