Կոալիցիոն երկու գործընկերները` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, լայնամասշտաբ ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու քարոզարշավի վերջին օրը` մայիսի 4-ին, իսկ ՕԵԿ-ը` դրանից մեկ օր առաջ` մայիսի 3-ին: ՀՀԿ-ն բաժանելու է 10 հազար, առավելագույնը` 15 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ի ընտրակաշառքը «5000 + էժանագին հեռախոս»-ն է:
Թերթը ուշագրավ է համարում նաև այն փաստը, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու նաև ԲՀԿ-ից մեծամասնականով առաջադրված` իրեն ցանկալի թեկնածուների համար:
Միևնույն ժամանակ, «Երկիրը» պնդում է, որ ՀՀԿ-ն նաև արգելել է ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանել համամասնական ցուցակի համար:
Թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ մարզերում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման աշխաըտանքներն արդեն մոտենում են ավարտին:
«Մասնավորապես` Վանաձորում արդեն բաժանել, վերջացրել են և սպասում են մայիսի 6-ի արդյունքներին, սակայն չի բացառվում, որ հատկապես ՀՀԿ-ն մայիսի 6-ին որոշ տեղերում գործընթացը կրկնի: Պարզվում է` կան մարդիկ, ովքեր հաճույքով ընտրակաշառք են ստացել երկու և ավելի կուսակցություններից», – գրում է օրաթերթը: