Home / Հայաստան / Հացադուլ հայտարարած զինծառայողի մայրը ցանկանում էր կյանքին վերջ տալ նախագահականի մոտ

Հացադուլ հայտարարած զինծառայողի մայրը ցանկանում էր կյանքին վերջ տալ նախագահականի մոտ

Ապրիլի 5-ից «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցանկացել է իրեն նետել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունի մեքենաներից մեկի տակ:

Դեպքի վայրում ներկա ոստիկանները հեռացրել են նրան` թույլ չտալով անել դա:

Միջադեպից հետո Զվարթ Կիրակոսյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նման կերպ ինքը ցանկանում է ուշադրություն գրավել իր որդու խնդրի վրա, ով, Կիրակոսյանի խոսքով, շատ ծանր վիճակում է:

Մայրը պատմել է, որ երեկ «Գորիս» ՔԿՀ-ում այցելել է որդուն, որից հետո հասկացել է, որ նա մահամերձ է:

Նա նշել է, որ համարում է, թե այսօր իր որդու թաղումն է, և ինքն այդ կապակցությամբ իր բոլոր հարազատներին հրավիրել է նախագահական նստավայրի մոտ: Այս պահին նախագահականի մոտ արդեն ներկա էին Կիրակոսյանի բարեկամներից մի քանիսը:

Նշենք, որ ոստիկանները նրան հրավիրել են ՀՀ նախագահի նամակների բաժին, սակայն կինը հրաժարվել է` նշելով, որ ինքը բազմաթիվ նամակներ է ուղարկել ՊՆ և նախագահական, սակայն որդու խնդիրը չի լուծվել: Նա նաև ասել է, որ ցանկանում էր կյանքին վերջ տալ` հուսալով, որ որդու խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ասուլիսի ընթացքում Զվարթ Կիրակոսյանը պատմել է, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև  ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն  բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր:

Որոշ ժամանակ ծառայելոց հետո տղայի առողջական վիճակը վատացել է:  Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է  փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է եղել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն  անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: