Շուրջ 80 օր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան ակտիվիստներն այսօր երթ անցկացրեցին դեպի Երևանի քաղաքապետարան`քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խորհրդանշական նվերը` ՀՀ Սահմանադրությունը փոխանցելու համար: Ակտիվիստ Արփինե Գալֆայանը մտել է քաղաքապետարան և «նվերը» հանձնել քաղաքապետարանի նամակների բաժնի պատասխանատուին:
Ակտիվիստների այս քայլը նպատակ ուներ հիշեցնելու քաղաքապետին իր սահմանադրական պարտավորությունների մասին:
«Քաղաքապետը պետք է ենթարկվի Երևանի հանրության կարծիքին, այլ ոչ թե որևէ բարձրաստիճան պաշտոնյայի քմահաճույքներին»,- մեկնաբանելով նվերի խորհուրդը` ասել է ակտիվիստ Գոռ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման մասին Տարոն Մարգարյանը որոշում կայացրեց միայն այն բանից հետո, երբ այգի այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տաղավարները տգեղ են, և հորդորեց քանդել դրանք:
Ակտիվիստ Գոռ Հակոբյանը նշել է նաև, որ կրպակների ապամոնտաժումը դեռ չի նշանակում, որ իրենց պայքարն ավարտված է: Բնապահպանները հետամուտ են լինելու, որպեսզի ապրիլի 29-ին պուրակում ակտիվիստների վրա բռնի ուժ գործադրելու հրամաններ արձակած անձինք` Երևանի փոխոստիկանապետներ Ռոբերտ Մելքոնյանը և Կարեն Մովսիսյանը, պատասխանատվության ենթարկվեն: Բացի դա, ըստ Հակոբյանի, բաց է մնացել մեկ հարց, թե ինչպես է հանրային տարածքը բռնագրավվել և օգտագործվել առևտրային նպատակով:
Վերջում ակցիայի մասնակիցները «Գեղեցիկ չի, ապամոնտաժե´ք» գրությամբ պաստառ են փակցրել քաղաքապետարանի պատին և հեռացել: