Home / Հայաստան / Օսկանյան. Քոչարյանը տնտեսական վիճակի մասին մեղմ է արտահայտվել

Օսկանյան. Քոչարյանը տնտեսական վիճակի մասին մեղմ է արտահայտվել

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն այսօր, հավանաբար, կմասնակցի Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ-ի կողմից հրավիրված համերգին, որի ընթացքում, չի բացառվում, նաև կերգի Թաթա Սիմոնյանը: Այս մասին  Հայաստանի քաղաքագետների միության կողմից ձևավորված ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հրավիրված ամփոփիչ նիստին հայտարարել է Օսկանյանը:

«Համերգ է, էլի, գուցե, ես էլ գնամ Թաթայի համերգին»,- նշել է ԲՀԿ ներկայցուցիչը:

Նա նաև ընդգծել է, որ այսօրվա հանրահավաքին լուրջ չի վերաբերվում:

«ԲՀԿ»-ի, «Ժառանգության» և ՀՅԴ կուսակցության հանրահավաքները տեսնելիս ինձ համար պարզ դարձավ, որ կա մի շարք սահմանափակ փոքրամասնություն՝ իշխող ուժը, և կա ջախջախիչ մեծամասնություն, որ մնացած  բոլոր քաղաքական ուժերն են ու ՀՀ քաղաքացիները», – ասել է նա:

Օսկանյանը նաև նշել է, որ վերջին 10 տարվա ընթացքում ինքը հասկացել է, որ Հայաստանի խնդիրները դրսում չեն, այլ ներսում են, ու դրանք լուծել է պետք:

«Ես ասացի` թողնելու եմ, ու պատճառն այն էր, որ ես ուզում էի լուծել ներքին խնդիրները, ու ես այսօր ուրախ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց, ու ես կարող եմ բաց ճակատով դա անել», – նշել է  Օսկանյանը և ավելացրել, որ  պետք է հրաժարվել իմիտացիաներից, ու այս ընտրություններով կդրվի դրա վերջը:

«Մենք պետք է ունենանք ընտրությունների չկեղծված արդյունքներ ու այսպիսով գալիք ԱԺ-ում կապահովենք առողջ հակակշիռներ, ու կկազմենք նոր կառավարություն, որը կունենա մեր հասարակության լայն շրջանակների աջակցությունն ու կզբաղվի նոր փոփոխություններով», – նշել է նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս քննադատության էր ենթարկել հատկապես իշխող կուսակցության վարած տնտեսական քաղաքականությունը, և հարցին՝ դա զուտ տնտեսական վատ վիճակի արձանագրումն էր, թե՞ քաղաքական ենթատեքստ էլ կար՝ վարչապետի պաշտոնն ազատելու ուղղությամբ՝ Օսկանյանը պատասխանել է:

«Այդ մասին պարոն Քոչարյանին հարցրեք, բայց որ այսօր զուտ տնտեսական վիճակն ենք նայում, նա  իսկապես մեղմ է անցել», – ասել է նա: