Երվանդ Քոչար փողոցում գտնվող թիվ 182 դպրոցում տեղակայված 10/17 ընտրատեղամասում երկու հոգով քվեարկելու երկու դեպք է արձանագրվել:
Epress.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես է երկու մարդ մոտենում քվեախցին ու լուսանկարել այդ պահը:
Նա փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի անդամներից: Նկատելով լրագրողին` հանձնաժողովի անդամներից մեկը մոտեցել է քվեախցին ու քվեարկողներին խնդրել քվեարկելուց հետո մոտենալ՝ արձանագրություն կազմելու: Նա նաև նշել է, որ օրենքով սահմանված կարգով կարելի է օգնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հանձնաժողովի անդամների խոսքով՝ դրանում ոչ մի արտառոց բան չկա, մասնավորապես, պապիկը տեսողության հետ խնդիրներ ուներ, այդ պատճառով իրենք թույլատրել են, որպեսզի քվեախցում քվեարկողին օգնեն:
Ի դեպ՝ քվեախցիկում վերը նշված պապիկի փոխարեն քվերկած երիտասարդ աղջիկը քվերկությունից հետո Epress.am-ի թղթակիցին տեղեկացրել է, որ պապիկի փոխարեն ընտրել է ինքն ու ընտրել է ՀՀԿ-ին:
Epress.am-ի տեսախցիկը ֆիքսել է վերոնշյալ պապիկի ընտրատեղամաս գալն ու ընտրատեղամասից դուրս գալը: Դուրս գալուց նա ակնոց է հագել ու միայնակ հանգիստ դուրս եկել ընտրատեղամասից:
Նշենք նաև, որ վերոնշյալ տղամարդը տեղամաս էր եկել մի խումբ տարեցների ընկերակցությամբ, և երբ մեր թղթակիցը փորձել է պարզել՝ նրանք ինքնուրո՞ւյն են եկել, թե՞ ինչ-որ մեկի ուղեկցությամբ, տարեցներից մեկը պատասխանել է՝ «դե եկան, սաղիս լցրեցին, բերեցին»: Հարցին թե ո՞վ է բերել, պատասխանել են` «ինչի չգիտե՞ս բերողին»: Այլ մանրամասներ Epress.am-ին չեն հայտնել: