Ադրբեջանական ընդդիմության շուրջ 150 համակիրներ երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև` բողոքելով հավաքների ազատության իրավունքի ոտնահարման դեմ:
«Հասարակական պալատի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Սաբիրա հրապարակի մոտ և երթ անցկացրել դեպի Բաքվի քաղաքապետարան: Նրանք վանկարկել են. «Հրաժարական», «Ազատություն»:
Ոստիկանությունը կանգնեցրել է ակցիայի մասնակիցներին անմիջապես քաղաքապետարանի հարևանությամբ, հայտնում է Contact.az-ը:
Չնայած ոստիկանության կանխարգելիչ գործողություններին, ընդդիմադիրները հասցրել են հնչեցնել իրենց կարգախոսները:
Կանգնեցնելով պիկետի անդամներին` ոստիկանությունը ուժ է կիրառել և հետ մղել նրանց:
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն հայտարարել է, որ ակցիան, այդուհանդերձ, հաջողված էր, և կոչ է արել ընդդիմությանը ցրվել:
Ակցիայի ընթացքում մի քանի ընդդիմադիրներ ձերբակալվել են: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները հերքում են այս տեղեկությունները: