Պատգամավորության մանդատը ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի երջանկության բանալին երբևէ չի եղել ու խորհրդարան չանցնելով պատգամավորի կյանքը չի վերջանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գալստյանը ու ցավով նշել, որ մայիսի 6-ին ինքը քաղաքակրթական, ժողովրդավարական ու Հայաստանի մոդեռնացման պարտություն է արձանագրել:
ՀՅԴ-ականի խոսքով` ըստ էության, միայն ընտրությունների օրով պայմանավորված չէր ընտրությունների արդյունքը. մայիսի 6-ը վավերացվեց ընտրակեղծիքների, մտածված ձայներ խեղելու լեգիտիմացմամբ:
«Մենք փորձում էինք արդար ընտրություն փնտրել մի իրականության մեջ, որտեղ պարզապես, ըստ էության, արդարությունը խեղված արժեք է. ինչպե՞ս կարող է արդար երևույթ լինել մի իրականության մեջ, որտեղ աղքատության ցուցանիշը վաղուց մոտեցել է 40 տոկոսին, մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր երրորդն աղքատ է, հինգերորդը՝ ծայրահեղ աղքատ, մի երկիր, որտեղ 5 տարիների ընթացքում 140.000 մեր համերկրացիներ լքել են այն՝ մեր անվտանգությանը արտագաղթ կոչված լուրջ մարտահրավեր նետելով: Երկիր, որտեղ կա 19 տոկոսանոց գործազրկություն և մի երկիր, որտեղ «ծաղկում ու բարգավաճում է» կոռուպցիան և մենք ամեն տարի արձանագրում ենք կոռուպցիայի հարաճուն ցուցանիշներ: Բոլոր ոլորտներւմ մենք ունենք բացասական ցուցանիշների շքերթ, ու այս իրականության մեջ արդյո՞ք միամտություն չէր փափագել, երազել կամ հույս կապել արդար, ազատ ընտրությունների հետ: Սրանց կգումարեմ այնպիսի գործոններ, ինչպիսիք են մեր հասարակության ցածր իրավագիտակցությունը, կոտրված քաղաքացու ողնաշարը. մենք՝ քաղաքական մարդիկ, միշտ խնայել ենք պիտակավորել մեր հասարակությանը ու փայփայել ենք այն հույսը, որ մի օր այդ հասարակության մեջ կարթնանան այդ վսեմ գիտակցությունն ու բարձր արժեքները, բայց Հայաստանում արձանագրվեց հենց քաղաքակրթական պարտությունը», – նշել է Գալստանը:
Նա նշել է, որ խորհրդարանում այսօր «Խուճուճները», «Ճոյտերը», «Ասֆալտի գեներալները» ու բոլոր տեսակի մականունավորներն են ու սա մեր իրականությունն է:
Գալստյանի խոսքով՝ ԱԺ ընտրությունները որևէ քաղաքական ուժի հաղթանակը չէր, այլ քաղաքակրթության պարտությունն էր:
«Եթե Հայաստանում Սահմանադրությամբ ամրագրված իրավական, սոցիալական ու ժողովրդավարական երկիրը չլինեինք, կարող էինք մտածել, որ խալիֆություն ենք ու դրանք էլ խալիֆության օրենքներն են: Վաղուց Հայաստանն ապրում է երկակի ճշմարտությունով՝ մի կողմից օրենքներով, Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարությունով, բայց ո՞վ չգիտիՙ, որ մենք մինչև կոկորդներս թաղված ենք ու ապրում ենք արևելյան աղբի մեջ: Դրանք են կաշառակերությունը, բռնաբարված իրավունքները, աղքատությունը: Լքվող երկիր լինելով հանդերձ` արի ու այս իրականությունից ակնկալի արդար ընտրություններ», – նշել է Գալստյանը:
Նա ասել է, որ ընտրություններին վաղուց արդեն որոշված էր Հայաստանի քաղաքացու գինը:
«Իհարկե, խոսքս չի վերաբերում արթուն, նորմալ մարդկանց:Մեր քաղաքացու գինը 10-15.000 դրամ էր ու քաղաքական ուժերը տվեցին այդ փողը: Թերևս չարժե տրտնջալ. նրանք «ընտրել են» իրենց բաժինը՝ գործարքի գնալով այս իշխանությունների հետ», – նշել է Գալստյանն ու ավելացրել, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը 10-15.000 դրամի համար ճակատագիր ու պետություն ընտրեց՝ իր բոլոր համապատասխան որակներով:
Նա նաև անդրադարձել է այդ չնչին գայթակղությանը չգնացած փոքրամասնություն կազմող քաղաքացիներին՝ նշելով, որ այդ տեսակը պայքարելու է ու չի հեռանալու Հայաստանից:
«Մեր նախագահն ու վարչապետը հրաշալի ելույթներ են ունենում քաղաքակրթական արժեքներից, ժողովրդավարությունից, արդար խորհրդարանից, օլիգարխների դեմ պայքարից ու հետո այդ նույն նախագահը կանգնում է բոլոր մականունավորների կողքին և ասում՝ նրանք են մեր թեկնածուները ու նրանք էլ կգան խորհրդարան: Ամենատհաճն այն է, որ մազութի վարագույր են փռել մեր հեռանկարի վրա», – ասել է Գալստյանն ու ավելացրել, որ ժողովուրդը վերարտադրեց այս իշխանությանը ու այլևս որևէ մեկից պահանջելու ոչինչ չունի: