Home / Հայաստան / Մտնել ԱԺ նշանակում է հրաժարվել Սահմանադրության առջև ունեցած պարտականությունից. կարծիք

Մտնել ԱԺ նշանակում է հրաժարվել Սահմանադրության առջև ունեցած պարտականությունից. կարծիք

Նման ընտրություններից հետո եթե որևէ կուսակցություն մտնի խորհրդարան,  կնշանակի, որ այդ կուսակցությունը որևէ պարտականություն չունի ՀՀ Սահմանադրության առաջ: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  ՌԱՀՀԿ նախագահ Սամվել Սարգսյանը:

Ըստ նրա` ԱԺ մանդատները վերցնելը նշանակում է որպես նորմալ ճանաչել կեղծիքները:  Քաղաքագետը հավելել է, սակայն, որ ընտրությունների կեղծիքները կանխատեսելի էին, քանի որ ներկայիս մթնոլորտից այլ բան սպասել չէր կարելի, և ռեժիմը չէր կարող նորմալ ընտրություններ անցկացնել:

«Ընտրությունների ամենամեծ, կոպիտ խախտումն այն է, որ մարդկանց մասսայական բերում էին ընտրության, մեծ մասշտաբներով ընտրակաշառքներ էին բաժանում, և կուսակցությունները ոչինչ չկարողացան անել ռեժիմի սկսած այդ պրոցեսի դեմ և չէին էլ կարող անել: Ընտրությունների արդյունքները մայիսի 6-ին չէ, որ որոշվել են», – ասել է  Սարգսյանը` հավելելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց հարկադրաբար բերում էին իշխող ուժի հանրահավաքներին մասնակցելու համար և ընտրակաշառք բաժանում:

Ըստ քաղաքագետի` այն, որ մարդիկ կաշառք են վերցնում, պայմանավորված չէ նրանց խիստ ծանր սոցիալական  վիճակով, այլ ընդամենը նրանով, որ մարդիկ ընտրությունների մեջ իմաստ չեն տեսնում: