Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Այս մասին ասված է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ, համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների, Սարիբեկ Սուքիասյանը մայիսի 6-ին հավաքել էր 14293 ձայն, իսկ նրա մրցակից Գարեգին Նուշիկյանը, ում սատարում էր ՀՀԿ-ն, 14732 ձայն, 2465 ձայն անվավեր է ճանաչվել:
«Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը, և, ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան: Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմները:
Ես շնորհակալություն եմ հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացին ընտրատեղամասեր եւ արտահայտեցին իրենց ազատ կամքը:
Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով և մեծ ոգևորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը:
Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը և միշտ հասանելի եմ լինելու նրանց համար:
Նոր գումարման Ազգային Ժողովին ցանկանում եմ բեղմնավոր և օրինաստեղծ աշխատանք», – նշված է Սարիբեկ Սուքիասյանի հայտարարության մեջ:
Լուսանկարը` Խաչատուր Սուքիասյանի Facebook-ի էջից