Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, «Հայռուսգազարդ» ընկերության կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խոր. մետրի համար` 32 հազար դրամի չափով ավելի պակաս։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ տվյալ որոշումն ընդունվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` նպատակ ունենալով գազի գների բարձրացման պարագայում սոցիալապես անապահով խավերի համար ստեղծել ավելի մեղմ պայմաններ։
«Վերջիններս, ըստ էության, չեն զգացել գազի թանկացումը, քանի որ մենք հաշվարկել էինք, որ մինչև 300 խոր. մետր գազի սպառման դեպքում նրանց համար գազի գինը պահպանել ենք 100 դրամ, – հավելել է վարչապետը։ – Եվ մեկ տարով ևս երկարաձգելով այս օժանդակությունը` մենք փաստորեն մեղմում ենք սոցիալական բացասական ազդեցությունը, որ կարող էին զգալ անապահով ընտանիքները»։