Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի գործով այսօրվա դատավարությունը սկսվել է մոտ 40 րոպե ուշացումով: Դատի ուշ սկսվելու պատճառն այն էր, որ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը թյուրիմացաբար կարծել է, որ դատը նշանակվել է մայիսի 12-ին:
Քանի որ այս գործով անցնող երկու վկայի դեռևս չեն կարողանում հրավիրել դատարան, դատախազ Մարտիրոսյանը միջնորդել է առայժմ չհրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները և խնդրել է նաև դատարանի օգնությյունը վերջիններիս հայտնաբերման գործում, քանի որ, իր խոսքով, «մենք տեսնում ենք, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկելու միջոցներ կիրառում, իսկ երբեմն էլ անգործության են մատնվում»:
Դատախազի խոսքով` քանի որ ինքը վստահ էր, որ նիստը նշանակված է մայիսի 12-ին, կարծում էր, որ վկաներին հայտնաբերելու համար դեռ երկու օր կա: Բացի դա, մեղադրողը նաև ասել է, որ ինքը դրանով ցանկանում է օժանդակել գործի բացահայտմանը, և, եթե չհաջողվի այդ վկաներին գտնել, ապա չի ցանկանում, որ դրանում ինքը մեղավոր համարվի:
Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է միջնորդությունը և նշել, որ նման հիմնավորմամբ ու պատճառաբանությանմբ վերջին անգամ է հետաձգում դատական նիստը:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 24-ին, ժամը 12.00-ին: