Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօրվանից դադարեցնում են ՀՀ կառավարության նիստի օրերին բողոքի ակցիա անցկացնելու ավանդույթը կառավարության շենքի մոտ:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրան նշել են, որ այսուհետ որոշակի օրերին նրանց բողոքի ակցիան տեղափոխվելու է նախագահական նստավայրի դարպասների մոտ, քանի որ «բոլոր թելերը տանում են Բաղրամյան 26»:
Այսօր նախագահական նստավայրի դարպասների մոտ ակցիա անցկացնող ծնողները հանդես են եկել հայտարարությամբ.
«Մենք՝ հայկական բանակում կատարվող ոճրագործությունների արդյունքում նահատակված զինվորների մայրերս, տարիների ընթացքում համոզվել ենք, որ կառավարությունը՝ իր նախագահի գլխավորությամբ, ոչ մի քայլ չի արել բանակում ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ, ընդհակառակը, սպանությունների քանակը օրավուր աճում է, և դրանով իսկ հարվածում երկրի անվտանգությանը. ժամանակն է հեռանալու»:
Նրանք նշել են, որ հայտարարության տակ արդեն ստորագրել են որդեկորույս մայրեր Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը, Գոհար Սարգսյանն ու Անահիտ Մկրտչյանը:
«Նախագահի ու օրեր առաջ տեղի ունեցած ընտրություններին չնչին փոփոխությամբ փոխված կառավարության հեռանալու ժամանակն է: Ես ոչ մի հույս չէի կապել ընտրությունների հետ: Աչքովս եմ տեսել պետական հիմնարկություններում կեղծիքնեի կատարվող թոհուբոհը՝ մարդկանց ստիպողաբար տարան քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Ժողովրդի մեծ մասն իրեն վաճառվեց մի քանի հազար դրամով, ամոթ իրենց: Նրանք պատրաստ են կուլ տալ այն ամբողջ հանցագործությունները ու այսուհետ պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվելու է երկրում», – ասել է 2010 թվականին Թավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի հենակետերից մեկում զոհված Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Ակցիայի մասնակից մայրերը նշել են, որ իրենք Սերժ Սարգսյանի կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք» հավատալով` ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում փորձել են մոտենալ նրան, սակայն նախագահը իրենցից խույս է տվել ու արագ հեռացել:
«Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանը վերցրեց մեր նամակը` խոստանալով, որ նախագահը ելույթից հետո կմոտենա մեզ, սակայն հետո նախագահին զգուշացրեց մեր կողմ չնայել: Այսքանից հետո ու՞մ հավատանք կամ ինչպե՞ս: Սերժ Սարգսյանը խոստացել էր բացահայտել մեր որդիների սպանության հանգամանքները ու պատժել մեղավորներին, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց, այդ իսկ պատճառով միակ պատասխանատուն նա է: Քանի որ ոչ մի տեղից սպասելիք չունենք, ուստի նախագահից ենք պահանջում մեր մի շարք հարցերի պատասխանները: Նա շատ լավ գիտի՝ ով է սպանել մեր զավակներին, համենայնդեպս, իրենց համար վերին ատյաններում վաղուց ամեն ինչ բացահայտված է, ու եթե ուզում են մեզ այս դարպասներից հեռացնել, ուրեմն թող բացահայտեն, կամ էլ բերեն իրենց պահապան կարմիր բերետավորներին», – ասել է 2007 թվականի զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը:
Ակցիայի մասնակից Անահիտ Հովհաննիսյանը նշել է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն է նախագահը, իրենք նստավայր են գալու՝ ներկայացնելու իրենց պահանջը՝ գուցեև ամեն օր:
«Կուզենայի իմանալ, թե ի՞նչ գնահատական է տալիս նախագահը, երբ մի երկրում մարդուն զրկում են իրավունքներից», – ասել է 35 օր Գորիս քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ով փաստել է, որ իր երկու տղաներից մեկն առողջ մեկնել է ծառայության ու հաշմանդամ դարձած վերադարձել, իսկ մյուսին էլ այսօր զրկել են բուժման հնարավորությունից:
Հասմիկ Հովհաննիսյանն էլ շեշտել է, որ երբևէ չի հավատացել Սերժ Սարգսյանին, որովհետև նա իր նախագահական բարձունքից գեթ մի անգամ իրեն թույլ չի տվել իջնել ու անդրադառնալ մեր երեխաներ սպանությանը վերաբերող գործերին:
«Նա փոխեց զինդատախազին՝ ավելի գրագետ ձևով ծածկելով հանցագործությունները» , – ասել է Հովհաննիսյանը: