Հաղթանակի տոնին ընդառաջ Հայաստանի զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում գրանցվել են պատահարներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Սոտքի զորամասերից մեկում մայիսի 8-ին զինծառայող Սամվել Ավետիսյանը, ըստ նախնական վարկածի, իր ինքնաձիգով կրակել է կոկորդին, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել և տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
«Սակայն լուրեր են շրջում, թե զինծառայողն ինքնասպանություն չի գործել, այլ նրա վրա կրակել են, և, ինչպես հաճախ արվում է, փորձում են այս դեպքը ևս անցկացնել ինքնասպանության փորձի տակ», – գրում է «Հրապարակը»:
Երկրորդ դեպքը գրանցվել է երեկ` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասերից մեկում: Նախնական տվյալների համաձայն, ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել ֆիզպատրաստության ժամանակ:
Զինծառայողի մահվան և ինքնասպանության փորձից զատ, մայիսի 8-ին` երեկոյան ժամը 21:00-ից մինչև գիշերվա 02:00-ն ռմբակոծվել են Տավուշի մարզի Մովսես ու Չինարի գյուղերը: Կրակոցներից տուժողներ չեն եղել, վնասվել են տները: