Մայիսի 3-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանը մայիսի 9-ին ԿԸՀ շենքի մոտ վրան է տեղադրել, սակայն Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ ժամանած ոստիկանական կարգախումբը հացադուլավորին հանել է վրանից:
Ինչպես հաղորդում է «Սարդարապատ» շարժումը, Վարդանյանին վրանից հանելուց հետո դարձյալ բռնություն կիրառելով, ոստիկանները խլել են վրանը և հովանոցը:
Շարժման ներկայացուցիչները հաղորդում են, որ, ի պատասխան ներկաների վրդովմունքին, որ հացադուլավորը անձրևի տակ կթրջվի, գնդապետ Մելքոնյանը կոպիտ կերպով պատասխանել է` «թրջվում է, թող թրջվի»:
«Շոուն ավարտվեց», – հայտարարել է Մելքոնյանը և հեռացել:
«Սարդարապատ» շարժումը հիշեցնում է, որ Արտավազդ Վարդանյանը «մարտի 1-ի շնորհիվ վերարտադրված վարչախմբի իշխանության պայմաններում կատարվող ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում և մտածող մարդկանց կոչ է անում որպես փակուղուց դուրս գալու ելք այլընտրանքային ընտրությունների անցկացման ուղիներ որոնել»: