ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտորեն կողմ է արտահայտվել միասեռական միություններին` հայտարարելով, որ նույնասեռ զույգերը պետք է իրավունք ունենան ամուսնական կապի մեջ մտնել: Օբաման ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, ով բացահայտորեն պաշտպանել է գեյ-ամուսնությունների գաղափարը:
«Էյ-բի-սի»-ի հետ հարցազրույցը սեղմ ժամկետներում է պատրաստվել, քանի որ հանրությունը պահանջում էր Օբամայից պարզաբանել իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
Նախագահական ընտրություններին Օբամայի հավանական մրցակից Միթ Ռոմնին, իր հերթին, հայտարարել, որ դեմ է միասեռ նույնասեռական ամուսնություններին:
Հինգշաբթի Gallup-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 50%-ը կողմ է միասեռ ամուսնություններին:
«Որոշակի պահի ես եկա այն գաղափարին, որ անձամբ ինձ համար շատ կարևոր է հստակ ձևակերպել իմ դիրքորոշումը. կարծում եմ, որ միասեռ զույգերը ամուսնանալու հնարավորություն պետք է ունենան»,-ասել է Օբաման:
«Ես միշտ ԼԳԲԹ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, թրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներին ավելի շատ իրավունքներ շնորհելու գաղափարին կողմ եմ հանդես եկել: Ես տատանվում էի գեյ-ամուսնությունների վերաբերյալ մասամբ այն պատճառով, որ կարծում էի քաղաքացիական ամուսնությունները լրիվ բավարար են»,- պարզաբանել է Օբաման:
Նախագահի խոսքով` ինքը փոխել է իր հայացքները` նայելով իր վարչակազմում աշխատող միասեռականներին, որոնք կայուն զույգեր են:
Օբաման նաև նշել է, որ այս հարցում իր հայացքների էվոլյուցիային նպաստել է խնդրի քննարկումը ընտանիքի անդամների հետ: