Մայիսի 10-ին ԱԺ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ երեք կուսակցությունները անցկացրել են ժողով, որի ընթացքում ստորագրել են հայտարարություն ընտրությունների մասին: Հայտարարությունը արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով:
«Դրա հետ մեկտեղ` ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակաևոր գործիքի` անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաև ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը և ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թվերը: Այսպիսով` ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Շտաբի ասուլիսին ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը նշել է, որ այս ընտրությունների նորարարությունները երեքն էին` ուռճացված ցուցակները, ցնդող թանաքները և առավոտ կանուխ մարդկանց ընտրության տանելը:
Ըստ Օսկանյանի` ցուցակներում ընդգրկված էին ոչ միայն մահացածների, Հայաստանից վաղուց բացակայողների անուններ, այլև մեկ տառի փոփոխությամբ կրկնող անուններ կամ ազգանուններ, և այդպիսի անունների թիվը հասնում է 100.000-ի:
«Մենք հարցրեցինք, օրինակ` Պողոսյանն ուզում է գնալ և Պողոսյանի տեղը քվեարկել, ինչպե՞ս կարող ա անել, այդ հարցի պատասխանը եղավ հենց առավոտյան, երբ թանաքները ցնդեցին և այդ արգումենտն էլ ցնդեց: Հենց իշխանական մամուլն էր հայտարարում, որ առավոտյան 7.30-ից մարդիկ հերթեր էին կազմում` ընտրություններին մասնակցելու համար: Եվ հաշվման ընթաացքում էլ վերևի թերթիկները այլ էին, քվեատուփի ներքևում թերթիկները` այլ: Այս փաստերը իրար կողք դնելով` ես իրավունք ունեմ հարցնելու, թե սա պետականորեն կազմակերպված դիտավորությո՞ւն է, թե՞ չէ»,- հռետորական հարց է տվել Վարդան Օսկանյանը:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ասել է, որ ընտրություններին նման ակտիվություն չի գրանցվում նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում: Այս ակտիվութունը ոչ այլ ինչ է, քան մարդկանց զոռով մասնակից դարձնել պետական հանցագործությանը:
Զուրաբյանի խոսքով` կեղծիքները ավելի լկտի են եղել մայրաքաղաքից հեռու մարզերում, իսկ վերահսկման փորձերից կիրառվել են հայտնի կառուսելի մեխանիզմը, բաց քվերակությունը, մարդկանց ահաբեկելը:
«Հայաստանում ստեղծված է տոտալիտար համակարգ, որի նպատակն է ստեղծել ընտրակաշառք բաժանելու ցանցեր, կազմակերպել բաժանումը, իսկ այն դեպքում, երբ մարդիկ հրաժարվում են վերցնել ընտրակաշառք, մարդկանց ահաբեկել և սպառնալ` օգտագործելով վարչական ռեսուրսները: Այս պայմաններում որևէ իմաստ չունի ընտրարշավ կազմակերպել, շահել քաղաքականապես ակտիվ մասի 40%-ը, միևնույն է, նրանք կրկնաքվերակության միջոցով ընտրակեղծիքների վերարտադրումը կապահովեն»,- ասել է Զուրաբյանը:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ հաստատել է շտաբի անդամների ասածները և հավելել է, որ այս ընտրություններում պլուտոկրատիան հաղթեց դեմոկրատիային: