Մաշտոցի պուրակի ակտիվիստ Արթուր Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին Ղազարյանը գրել է Facebook-ի իր էջում` ներկայացնելով մայիսի 10-ին տեղի ունեցած միջադեպը:
Ղազարյանը գրել է, որ երեկ ժամը 12.00-ին 522824 հեռախոսահամարից իրեն զանգահարել է մի տղամարդ, ով ներկայացել որպես պետավտոտեսչության աշխատակից և ճշտել համարանիշերը: Ղազարյանին ասել են, որ ինքը վրաերթ է կատարել:
«Ասացին, որ գնամ բաժին, մեքենան զննեն: Ես ասացի, որ տեղյակ չեմ ոչ մի վրաերթից, գտնվում եմ աշխատավայրում, մեքենան կանգնած է ավտոկայանատեղիում և կարող են գալ զննել այստեղ: Սպասեցի մինչև 14.00 ոչ ոք չեկավ, սակայն ես խորհրդակցեցի և որոշեցինք նկարել մեքենայի ընթացիկ վիճակը, ֆոտո-վիդեո և պահել մեր ալիբին: Ես նկարահանումը տեղադրեցի համակարգիչների մեջ և ՖԲ ցանցում առայժմ միայն իմ դիտման համար, որտեղից երևում է մեքենայի մաքուր և չվնասված լինելը, զանգի պահին:
Ես զանգահարեցի իրենց, ասացին, որ այլ մեքենա է գտնվել և զննում են այդ մեքենան և ես ազատ կարող եմ գնալ մեքենայով ուր ցանկանամ:
Մեքենայով դուրս եկա խանութ, կայանեցի մայթեզրին: Խանութից դուրս գալուց մոտեցան 3 քաղաքացիական մարդիկ, որոնք հարցրեցին անուն ազգանունս և իրենց մեքենայով տարան քրեական վարչություն:
Այնտեղ ինձ ասացին, որ վրաերթի հարց է, և պետք է զննեն մեքենան:
Ես ասացի, որ զննելու բան չկա, քանի որ նկարները և վիդեոն արդեն կան, և համակարգչում և ֆեյսբուքում:
Նրանք ասացին, որ մտնեմ ՖԲ և ցույց տամ դրանք:
Սակայն ՖԲ-ում նրանք սկսեցին կարդալ ստատուսներս, որոնցով ամենևին հիացած չէին, և ինձ քաղաքացիական կոչեր անելու մեջ մեղադրեցին, որին ես պատասխանեցի, որ եթե ուզում եք 301 հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը – Epress.am) քրեական գործ հարուցեք», – գրել է ակտիվիստը:
Վերջինս հայտարարել է, որ այս ամենը դիտարկում է որպես քաղաքական հետապնդում` կապված Մաշտոցի պուրակի և ընտրություներին վստահված անձ լինելու և բազմաթիվ խախտումներ արձանագրելու մեջ, և պահանջել է փաստաբանի ներկայությունը:
Ղազարյանը հրաժարվել է պատասխանել հարցերի և փաստաթղթի տակ չի ստորագրել:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում:
Լուսանկարը` Արթուր Ղազարյանի Facebook-ի էջից