Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը մայիսի 12-ին ժամը 23:00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Երևանում մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մ.Մանրիկյանը: «Ռեգնում» գործակալությունն այս մասին տեղեկատվությունը տեղադրել է իր կայքում մայիսի 13-ին, ժամը 23:25-ին:
Կայքը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանում տուժողի մոր, երկու երեխաների, զարմիկի և կնոջ ներկայաթյամբ, որը հղիության 9-րդ ամսում է:
Համաձայն գործակալության, միջադեպը սկսվել է Մանրիկյանի սուր արձագանքից երեխաների պահվածքի վրա, որոնք մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:
Դա դուր չի եկել դատախազին, ով լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ և հարվածել է վերջինիս: Պատասխան ստանալով` Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա: Նրանց միացել է Մանրիկյանի որդին և ևս մեկ անձ: «Ռեգնումի» հաղորդմամբ, հարձակվողները չորսով այնքան ժամանակ են ծեծել գետնին ընկած Գրդզելյանին մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը:
Դրանից հետո լրագրողը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնում, բուժզննում է անցել, որի ընթացքում արձանագրվել է ծեծի ենթարկվելու փաստը:
Այդ պահին Գրդզելյանը դեռևս չի իմացել, որ իրեն ծեծի ենթարկածների թվում է բարձրաստիճան չինովնիկ: Դա պարզ է դարձել միայն հաջորդ օրը ականատեսների խոսքերից և լրագրողի գործընկերների լրագրողական հետաքննության արդյունքում:
Լուսանկարը` news.armenia.ru