Home / Հայաստան / Սկեսրոջ կողմից ծեծի ենթարկվող հարսը վախենում էր փախչել. սպառնում էին սպանել նրա քրոջը

Սկեսրոջ կողմից ծեծի ենթարկվող հարսը վախենում էր փախչել. սպառնում էին սպանել նրա քրոջը

Այսօր Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի (լուսանկարում` ձախից) գործով դատական նիստը: Դեռևս նախորդ տարի Մարիամին ծեծելու և խոշտանգելու մեղադրանքով դատապարտվել էր աղջկա ամուսին` Դավիթ Զիրոյանը, սակայն նա խուսափել էր պատժից` համաներմամբ ազատ արձակվելով: Այժմ մեղադրվում է Զիրոյանի մայրը` Հայկանուշ Միքայելյանը:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել առողջության առանձնակի ծանրության վնասվածքներ հասցնելու և առանձին դաժանությամբ խոշտանգելու մասով:

Մեկ ամիս է` ինչ Մարիամ Գևորգյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է իրավաբան Նորա Գալստյանը, ով այսօր միջնորդել է, որպեսզի դատարանն իրեն տրամադրի գործի բոլոր նյութերի պատճենները, և նիստը հետաձգի 20 օրով, որպեսզի տուժող կողմը կարողանա շահերի պաշտպանությունն արդյունավետ իրականացնել:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակի բավարարել է տուժածի ներկայացուցչի միջնորդությունը` տրամադրելով նյութերը, սակայն նիստը  հետաձգել է ոչ թե 20, այլ 15 օրով:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամ Գևորգյանը 2010թ.  հունիսին ամուսնացել է Դավիթ Զիրոյանի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է ամուսնու և նրա մոր հետ:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Մարիամ Գևորգյանը, սկեսուրը իրեն սկսել է ծեծել ամուսնությունից մի շաբաթ անց:

«Ես վախենում էի ու փորձում էի դիմանալ, քանի որ ինձ սկեսուրս սպառնում էր, որ եթե իմ դեմ կատարվող բռնության մասին հայտնեմ ծնողներիս կամ փախուստի դիմեմ, իրենք կսպանեն իմ քրոջը, ով սկեսուրիս քրոջ հարսն է», – պատմել է Մարիամ Գևորգյանը:

Հայկանուշ Միքայելյանը Մարիամին ծեծել է գրտնակով, վառել է նրա մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով` պատճառաբանելով, թե աղջիկը փնթի հարս է:

Նրան թույլ չեն տվել անգամ քնել անկողնում և ստիպել են ամիսներ շարունակ քնել խոհանոցի աթոռի վրա նստած: Մարիամը պատմել է նաև, որ որևէ հույս չուներ, թե ամուսինը կօգնի իրեն, քանի որ, տեսնելով իր արդուկով վառված մարմինը և պատառաքաղով ծակված ձեռքերը, ասել է` «մայրս ինչ անում է, ճիշտ է անում»:

10 ամիս խոշտանգվելուց հետո` Մարիամը որոշել է փախուստի դիմել և թաքնվել է մի եկեղեցու բակում: Սկեսուրը նրան գտնելու համար դիմել է ոստիկանություն և պատասխաանտվությունից խուսափելու համար` Մարիամի արյունոտ, պատառաքաղի հարվածներից պատառոտված շորերը նետել գետը: Մեկ շաբաթ հետո Մարիամին ուղարկել են Հայաստան: Մարիամի հարազատները պատմել են Epress.am-ին, որ չեն կարողացել ճանաչել Մարիամին, երբ հայրը օդանավակայանից նրան տուն է բերել:

Սկսերոջ նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո նրան 2011 թվականի դեկտեմբերի 12-ին բերել են Հայաստան և ձերբակալել:

Մայիսի 29-ին կայանալիք հաջորդ դատական նիստում կխոսեն գործով անցնող վկաները` Մարիամի  ծնողները, քույրը, հարևանները, ինչպես նաև Հայկանուշ Միքայելյանի առաջին հարսի` Մելինե Բայաթյանի հարազատները: Նշենք, որ Բայաթյանը նույնպես խոշտանգումների է ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից: