Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծ) քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, Վեզիրյանի փաստաբան Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ ապրիլին 30-ին, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները նախընտրական քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան տղամարդ և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է:
Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք համարում են` միջադեպի վերաբերյալ ևս մեկ հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի, քանի որ Վեզիրյանը որպես դիտորդ է այնտեղ ներկայացել, և, իրենց կարծիքով, պետք է նաև քրեական գործ հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով (դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):
«118 հոդվածը` ծեծ, դիտորդի հետ կապ չունի, այսինք ստացվում է կենցաղային հողի վրա վիճաբանել են: Բայց այս դեպքում դիտորդի աշխատանքը իրականացնելուց են ծեծի ենթարկել: Մենք պահանջում ենք, որ նաև 149 հոդվածով քրեական գործ հարուցվի: Երբ դա ասեցինք, քննիչը գնաց, դատախազի հետ խորհրդակցեց, եկավ ասեց, որ այս պահին իրենք որոշեցին, որ 118 հոդվածով են հարուցելու քրեական գործը: Հետո ավելի ուշ հնարավոր է, որ փոփոխություն լինի: Իհարկե, մենք այդ գործը պետք է բողոքարկենք, եթե այս երկու օրվա ընթացքում քննիչն իր որոշումը չփոխեց»,- ասել է Նինա Կարապետյանցը: