Մայիսի 15-ի առավոտյան Թեհրանում կախաղան է բարձրացվել 24-ամյա «իսրայելցի լրտեսը», ով մեղավոր է ճանաչվել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության իրագործման մեջ, հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Իրանի քաղաքացի հանդիսացող Մաջիդ Ջամալի Ֆաշին մահվան է դատապարտվել պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադի սպանության համար: Գիտնականը զոհվեց 2010 թվականի հունվարին, երբ Թեհրանի կենտրոնում կայանած իր մեքենայի կողքին պայթեց ականապատված մոտոցիկլետը: Հարցաքննության ընթացքում Ֆաշին հայտարարել է, որ մտադիր էր այլ սպանություններ ևս իրագործել,սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից: Մասնավորապես, նա որոշել է չսպանել ֆիզիկոս Մաջեդ Շահրիարիին, ով ավելի ուշ, այնուամենայնիվ, զոհվել է:
Ֆաշին խոստովանել է, որ Մոհամադին վերացրել է Իսրայելի հատուկ ծառայությունների առաջադրանքով: «Եդիոտ ախրոնոտի» տվյալներով` վերջերս իրանական հեռուստաալիքի եթերում մեղադրյալը պատմել է, որ գործում էր իսրայելական «Մոսադի» գործակալների ցուցումով և ուսուցում է անցել Իսրայելում: Ֆաշիի խոսքով` իսրայելցիներն իրեն 50 հազար դոլար են խոստացել գիտնականի սպանության համար, սակայն վճարել են միայն գումարի կեսը:
Ինչպես նշում է Associated Press-ը` վերջին մի քանի տարիներին առնվազն 5 իրանցի միջուկային գիտնական է սպանվել: Թեհրանը կլարծում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են խափանել իրանի Միջուկային ծրագիրը: