Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում պատասխանել է Վլադիմիր Պուտինի վերընտրման պայմաններում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի մասին հարցին:
«Ռուսաստանն ինչպիսի գործողություններ է նախատեսում, ավելի լավ է այդ հարցը ուղղել երկրի ղեկավարությանը: Կարող եմ միայն ասել այս խնդրի վերաբերյալ իմ տեսակետը: Չնայած, կարծում եմ, Պուտինը չի կարող նման կերպ չմտածել: Ղարաբաղյան խնդիրը ստատուս-քվոն է և անվերջանալի բանակցային գործընթացները: Ամեն ինչ, բացի պատերազմից: Եթե ինչ-ինչ պատճառով նոր, լուրջ հակամարտություն սկսվի, Ռուսաստանը ամեն դեպքում Հայաստանի կողքին կլինի: Եվ անգամ պաշտոնական պատճառներով, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Եվ մի շարք այլ, ոչ ֆորմալ պատճառներով, այդ թվում և նրա համար, որ ռուսաստանյան հանրությունը հոգեբանորեն այս կոնֆլիկտի դեպքում Հայաստանի կողմից կլինի: Այսպիսին է իրականությունը: Բայց Ռուսաստանը չի ցանկանում նման ընտրություն անել ռազմական հակամարտության մեջ: Հետևաբար, պարբերական և անվերջանալի բանակցություններ»,- ասել է Տրետյակովը: