Մի խումբ երիտասարդ ազգայնականներ այսօր կրկին հարձակվել են DIY բարի սեփականատեր Արմինե Օգանեզովայի և նրա ընկերների վրա. թքել նրանց վրա և սպառնացել բարը նորից վառել: Այս մասին դեպքի վայրից Epress.am-ին հայտնել է իրավապաշտպան Լալա Ասլիկյանը:
Նրա խոսքով` ազգայնականները հայտարարել են, որ իրենք ֆաշիստ են և հպարտ են դրանով: Նրանք խորհուրդ են տվել Օգանեզովային չվերանորոգել բարը, քանի որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այն գործի, և հերթական անգամ կպայթեցնեն:
Ծավալված վեճը անհանգստացրել է շենքի բնակիչներին, ովքեր միջամտել են ու ստիպել ազգայնականներին հեռանալ:
Նշենք, որ երեկ Օգանեզովան ոստիկանությանը հայտնել է, որ մայիսի 15-ին ևս հարձակում է եղել իր բարի վրա, ազգայնականները ծխախոտներ են նետել, թքել բարից ներս, սակայն այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե նման բան չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը վճարել է մայիսի 8-ին բարը հրդեհած իրանահայ եղբայրներից մեկի` Արամեի ազատ արձակման գրավը:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի