Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունը մայիսի 21-24-ը կայցելի Հայաստան`մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի 39-րդ նիստին:
Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ Ասաֆ Հաջիևի կողմից ղեկավարվող պատվիրակության կազմում են պատգամավորներ Մուսա Գուլիևը և Ժալյա Ալիևան: Նիստի ընթացքում Խորհրդարանական ասամբլեայի նախագահությունը Հայաստանից Ադրբեջանին կանցնի: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի 40-րդ նստաշրջանը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Բաքվում:
Regnum-ի փոխանցմամբ` պատգամավոր Գուլիևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր` Սիսիանի շրջանի Ուռուդ (ներկայույմս Որոտան) գյուղը:
Նրա խոսքով` ինքն արդեն քննարկել է հարցը հայ պատգամավորների հետ Բելգրադում տեղի ունեցած նիստի ժամանակ, ինչին ի պատասխան Հայաստանի պատվիրակները խոստացել են օգնել նրան այդ հարցում:
«Ես դրա համար մեկ օր կունենամ: Նպատակս Ուռուդ գյուղում նախնիներիս գերեզմանն այցելելն է: Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը թույլտվություն տա, դա կդիտարկվի որպես նրանց կողմից բարի կամքի դրսևորման ժեստ», – ասել է Գուլիևը: