Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկաններն այսօր թույլ չեն տվել մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Մինչ ծնողների մոտենալը, ոստիկանները` պատ կազմած, սպասել են ու արգելել սևազգեստ կանանց առաջանալ, որից հետո վրդովված ծնողները բողոքի ակցիան անցկացրել են ճանապարհի երթևեկելի մասում: Ոստիկանների հորդորներին՝ թե խանգարում են երթևեկությանն ու կարող են շարունակել իրենց ակցիան ճանապարհից դուրս գալուց հետո միայն, մայրերը հակադարձել են՝ «ամեն ինչին էլ խանգարելու ենք, եթե պետք լինի՝ կանգնելու ենք անգամ հենց փողոցի կենտրոնում»:
Epress.am-ի թղթակիցի հետ զրույցում կանայք ասել են, որ իրենք այլևս կորցնելու ոչինչ չունեն, կորցրել են ամենաթանկը՝ իրենց որդիներին, ուստի այսուհետ պատասախանատու չեն հետագա քայլերի համար:
«Ծաղրածո՞ւ ենք, ինչ է, գալիս հասնում ենք ու մեր բողոքը լսող չկա, վերջապես նախագահը պիտի հասկանա՞ , թե՞ ոչ: Պահանջում ենք հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, գնացեք ասեք, թող իջնի, ումի՞ց է վախենում: Գուցե նախագահը քոռ է, լավ չի տեսնում, մոտենամ ճաղերին, միգուցե այդ ժամանակ տեսնի, այն էլ թույլ չեն տալիս», – ասել է Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Մայրերը ոստիկաններին խնդրել են թույլ տալ մոտենալ դարպասներին, վերջիններս էլ ասել են, որ չեն կարող, նման իրավունք չկա:
«Մենք չենք խանգարում երթևեկությանը ու չենք հակառակվում որևէ մեկին: Պահանջում ենք տալ մեր հարցերի պատասխանները, իսկ այդ պատասխանները ունի միայն գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը: 19 տարի երեխա չեմ պահել- մեծացրել, որ այսօր ինձ գերեզման տան: Վերջապես, եթե մենք այսպես չանենք, այս հարցը լուծում չի ստանա, կամ պիտի տաք մեզ՝ այս 5-6 ծնողին էլ սպանեք, կամ էլ այսպես հնարավոր չէ շարունակել: Մենք հանգիստ գալիս էինք, եթե դուք չփակեիք մեր ճանապարը, մենք այստեղ չէինք կանգնի: Ոչ ոք իրավունք չունի փակել իմ՝ ՀՀ քաղաքացուս ճանապարհը, էլ չեմ խոսում սպանված զինվոր մայր լինելու մասին», – ոստիկաններին ասել է Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը:
Ակցիայի ամբողջ ընթացքը նկարահանող ոստիկանին դիմելով՝ Նանա Մուրադյանն ասել է՝ նկարի, տար նախագահին ցույց տուր ու հարցրու՝ ինչո՞ւ է սպանել որդուս:
«Եթե նախագահը դուրս չի գալիս, իմ որդուն դաժանաբար սպանողին չի պատժում, ուրեմն ես իրավունք ունեմ ասելու, որ ինքն է սպանել իմ երեխին, իր կողքի կանգնողն է սպանել», – ասել է Գոհար Սարգսյանը:
Բողոքող ծնողները վստահ են, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է, շատ լավ գիտի` ով, ինչու և ոնց են սպանել իրենց որդիներին:
«Եթե նախագահը պատասխան չի տալիս, ուրեմն հենց իր իսկ պատվերով են կատարվում սպանությունները, այլապես ինչո՞ւ է խուսափում մեզանից: Այս երկրին խելացի տղաներ պետք չեն, ինչքան շատ լինեն հիմարները, խուլիգանները, այնքան հեշտ կկառավարվի երկիրը: Պատահական սպանություններ չկան, դրանք կատարվում են ընտրովի», – ասել է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը:
Որդեկորույս մայր Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ այս երկրին 10.000 դրամ բաժանող խուլիգաններ են հարկավոր, ովքեր հետո պաշտոններ են ստանում:
«8 ամիս առաջ ՄԻ պաշտպանի գրությունով ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից պահանջել ենք մեր երեխաների քրեական գործերի վերաբերյալ պատկան մարմինների պատասխանները ու մինչ օրս բոլորը լռում են: Ինչի՞ց են վախենում, թաքցնելու բան ունե՞ն», – ասել է Մկրտչյանը:
Նշենք, որ 2011 թվականի սեպտեմբերին 30-ին զոհված զինծառայողների 8 ծնողներ դիմել էին ԱԺ նախագահին, պատգամավորներ Արամ Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Հրայր Կարապետյանին և նրանց խորհրդով՝ զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանք ուղարկել վերջիններիս՝ ակնկալելով նրանց հնարավոր իրավաքաղաքական աջակցությունը: Մինչ օրս ծնողները որևէ պատասխան չեն ստացել:
«Ամեն անգամ գնում ենք ԱԺ՝ հույս ունենալով իրազեկվել մեր տեղեկանքների արդյունքների, ինչպես նաև ընթացող ու սպասվող գործընթացների վերաբերյալ», – նշել են բողոքող մայրերը, ովքեր ակցիայի ավարտից հետո գնացել են ԱԺ՝ պատասխան ստանալու ակնկալիքով:
«Ընդունարանից մի քանի անգամ զանգեցինք Սամվել Նիկոյանի գործավարին, ով ասաց, թե Նիկոյանը զբաղված է, հենց ազատվի, կտեղեկացնեմ: Երկար սպասելուց հետո միայն ԱԺ-ի նամակների բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանը մեզ կանչեց ու սկսեց հարձուփորձ անել, մենք էլ ասացինք՝ մեզ ընդամենը հարկավոր են գործերի պատասխանները: Նա ասաց, որ դրանք կուղարկվեն փոստով, ինչին մենք այդքան էլ չենք հավատում, այնուամենայնիվ, կսպասենք, եթե ոչ՝ կմտածենք՝ ինչ անել», – Epress.am- ի հետ զրույցում ասել է Գոհար Սարգսյանը: